Ոչ մեծաթիվ զանգվածը կհիասթափվի «եռյակից». Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ իշխանական ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» գործունեությամբ վտանգ եմ տեսնում երկրիս համար»,-Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով «եռյակ»-ի գործունեությանը` ասաց Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեծ վտանգ կա, որ ևս մեկ անգամ Հայաստանի քաղաքական դաշտում չի ստացվի լուրջ, երկարաժամկետ ընդդիմադիր նախագծի կայացում», – ընդգծեց նա և որպես ասվածի հավաստիք` օրինակներ բերեց:

ԿԳ նախարարի խոսքով` իրենք միասնական չեն:  «Ոչ միայն «եռյակն» իր ներսում միասնական չէ, այլև չի կարողացել իր շուրջը համախմբել այլ ընդդիմադիր գործիչների, անուններ չտամ: Այս ամենի հետևանքով հերթական անգամ հիասթափվելու է առանց այդ էլ ոչ մեծաթիվ զանգվածը, որը դեռ պատրաստ է գնալ իրենց հետ», – նշեց նա:

Աշոտյանի խոսքով, եթե ինքը լիներ այդ ուժերի փոխարեն՝ կմտածեր, թե ինչու իրենց կողքին մեծ բազմություն կանգնած չէ: Նախարարի դիտարկմամբ` ժողովուրդն իր խնդիրների լուծումը չի վստահում երեք ուժերին: Մեր այն դիտարկմանը, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքի բազմությունը մեծաքանակ չէ՞ր, Աշոտյանը նշեց. «Ես ինքս կողմնակից չեմ, որպեսզի մենք քաղաքական ուժերի կշիռը չափենք բիցեպսի հաստությամբ կամ հավաքված մարդկանց քանակով, բայց դա իրենց համար ցուցանիշներից մեկն է», – հավելեց նա:

Խոսելով արդեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու լուրերի մասին, ԿԳ նախարարն ասաց. «Գալուստ Սահակյանից փայլուն որևէ մեկը չի կարող այդ հարցին պատասխանել: Ես միանում եմ նրա ասածին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գ. Ծառուկյանի մասին հարցին ի պատասխան` Ազգային ժողովի նախագահ  Գ. Սահակյանը նշել էր. «Մենք բոլորս էլ, մեր ազգը տոգորված է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի բան կդառնա` կա’մ նախագահ, կա’մ վարչապետ»:

Հիշեցնենք նաև` հոկտեմբերի 24-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հանրահավաքը:




Լրահոս