Գյումրիի քաղաքային իշխանությունները պատրաստվում են ձմռանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության մյուս համայնքների նման Գյումրու քաղաքային իշխանությունները եւս նախապատրաստվում են առաջիկա ձմռանը:

Ավագանու որոշմամբ այս տարի 40 մլն դրամ է հատկացվելու քաղաքի համատիրություններին, որից 20 մլն-ը ուղղված է բազմաբնակարան շենքերի կտուրների վերանորոգմանը: Սակայն եթե հաշվի առնենք այն, որ քաղաքում վնասված կտուրներով շենքերի թիվը 300-ից ավել է, պարզ է դառնում, որ հատկացված գումարով կվերանորոգվի ընդամենը 20 շենքի տանիք:
Տեղեկացանք, որ այս տարի շենքերի նկուղներում կտարվեն ջերմամեկուսացման աշխատանքներ, որպեսզի նախորդ տարիների նման խողովակների սառեցման դեպքեր չգրանցվեն:

Քաղաքապետարանն այս տարի պատրաստվում է փոխել նաեւ բազմաբնակարան շենքերի դռները. կտեղադրվեն երկաթյա դռներ, կփոխվեն ջարդված ապակիները:

Եթե բազմաբնակարան շենքերի բնակիչների հոգսը քաղաքապետարանին ինչ-որ տեղ հաջողվում է թեթեւացնել, ապա սեփական տների եւ տնակային թաղամասերի բնակիչների վիճակը նախանձելի չէ: Այստեղ ապրողների համար կացարան տաքացնելը գերխնդիր է: Այս հարցը հատկապես լուրջ է Գյումրու ավտոկայանի եւ տարբեր հատվածներում գտնվող տնակային թաղամասերի բնակիչների համար, քանի որ շատ բնակարաններում բացակայում են էլեկտրաէներգիան եւ գազը: Բնակիչներից շատերի համար շքեղություն է անգամ վառելափայտը: Ինչպես իրենք ասացին՝ 22.000 դրամ ընտանեկան նպաստով վառելափայտ գնել հնարավոր չէ:

Արեւիկ Հակոբյան
Գյումրի




Լրահոս