Աննային ինքնասպանության դրդած դիլիջանցին արդարացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի բնակչուհի, 1963թ. ծնված Սեդա Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել առ այն, որ նա 2008թ.-ից մինչեւ 2013թ.-ը Աննա Ապրեսյանին դրդել, համոզել է տարբեր անձանցից եւ կազմակերպություններից պարտքով վերցնել գումարներ եւ տալ իրեն, իսկ հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել` սպառնալով վնասել Ա. Ապրեսյանին եւ նրա ընտանիքի անդամներին: Իրավիճակի արդյունքում Աննա Ապրեսյանը 2013թ. հունվարի 8-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Բացի այդ՝ Ս. Քոչարյանը մեղադրվել է նաեւ այն բանում, որ 2012թ. մարտից մինչեւ սեպտեմբեր խարդախությամբ, Աննա Ապրեսյանի վստահությունը չարաշահելով եւ խաբեությամբ, նրա միջոցով Արարատ Ալիխանյանից հափշտակել է 2 միլիոն դրամ գումար: Ս. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով («Ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ») եւ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով»): Ս. Քոչարյանը 2008թ.-ից մինչեւ 2012թ. հոկտեմբերը եղել է Դիլիջանի ավտոկայարանի տնօրենը, Աննա Ապրեսյանը` նույն ավտոկայարանի տոմսավաճառը: Այս գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվել է 2013թ. հոկտեմբերի 16-ին:

Սակայն մեկ տարի անց՝ 2014թ. մարտի 25-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ս. Քոչարյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել եւ նրան անհապաղ ազատ արձակել հենց դատական նիստերի դահլիճից: Այդ վճռի դեմ ավագ դատախազ Ն. Չիլինգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը հունիսի 23-ին որոշել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. մարտի 25-ի արդարացման դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով՝ նոր քննության:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում (դատավոր` Զոյա Զաքինյան) սեպտեմբերի 3-ից ընթանում էր այս գործով քննությունը: Հոկտեմբերի 28-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով եւ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Սեդա Քոչարյանին անմեղ ճանաչել եւ նրան արդարացնել: Զարմանալի է, որ Ս. Քոչարյանը կարծես այնքան էլ ուրախ չի եղել եւ հազիվ լսելի ձայնով շնորհակալություն է հայտնել դատավորից:

Ոսկան Սարգսյան




Լրահոս