Զինվորին սպանել էր ոչ թե հակառակորդը, այլ՝ ծառայակից ընկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականի փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում ժամկետային զինծառայող էր մահացել: Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաղորդագրություն էր տարածել, թե 20-ամյա Ալբերտ Ադիբեկյանը սպանվել է հակառակորդի արձակած գնդակից:

Սակայն որոշ ժամանակ հետո քննության արդյունքում պարզվել է, որ իրականում Ադիբեկյանին հայ զինվոր է սպանել՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Իգնատ Ենգիբարյանը: Ավելին, ըստ քննչական ծառայության տեղեկատվության` Ենգիբարյանն ինքն էր հայտարարել, թե Ալբերտը մահացել է հակառակորդի գնդակից:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ալբերտը յոթ տարեկանից դաշնամուր էր նվագում, սովորում էր Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում և որոշել էր բանակից հետո շարունակել ուսումը: Նրանք երկու եղբայր են եղել, երկուսն էլ ծառայել են Տավուշի մարզի Չինարի գյուղում: Եղբայրն ավելի վաղ էր զորացրվել, իսկ  20-ամյա Ալբերտը հասցրել էր ծառայել 1 տարի և 4 ամիս:

Իսկ ի՞նչ ապացուցեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը

Ժամկետային զինծառայողի սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Իգնատ Ենգիբարյանը նախաքննության ընթացքում ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ դատաքննությանը հայտարարել, թե նման դիրքորոշում է հայտնել նախաքննական մարմնի կողմից բռնության ենթարկվելու հետևանքով՝ այսպիսով դատարանում չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը:

Այսուհանդերձ, դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Իգնատն այսպիսի հայտարարություն է անում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար, մինչդեռ նրա նախաքննական ցուցմունքում կան գործին համընկնող փաստեր:

Ինչ ցուցմունք է տվել ծառայակից ընկերոջ մահվան մեջ մեղադրվող շարքային զինծառայողը

Իգնատ Ենգիբարյանը պատմել է, որ սպանվածը սիրված և հարգված է եղել իրենց հետ նույն զորամասում ծառայող զինվորների կողմից: Բոլոր նրանք, ովքեր չեն սիրել Ալբերտին, վախեցել են նրանից կամ հարգել: Իգնատի խոսքով՝ Ալբերտը մշտապես ծաղրել և հեգնել է իրեն մյուսների ներկայությամբ, դժվար և ծանր առաջադրանքներն իրեն է հանձնարարել: Ինքն էլ իր հերթին երբևէ չի փորձել հակադարձել կամ վեճի բռնվել Ալբերտ Ադիբեկյանի հետ և լուռ կատարել է նրա բոլոր հրահանգները: Մարտական հենակետում Ա. Ադիբեկյանն արդեն սկսել է ծաղրել իր անվան շուրջ` ասելով «Ինգուլիկ» կամ «Ստեփան», ինչը լսելով՝ համածառայողները սկսել են ծիծաղել, իսկ ինքը դրանից շատ է նեղվել:

Իսկ մի անգամ, երբ Իգնատը լավ չի զգացել, խնդրել է Ադիբեկյանին իրեն ամաններ լվանալու աշխատանքներ չհանձնարարել, վերջինս մերժել է խնդրանքը: Ավելին, մեկ անգամ ուշանալու պատճառով Ադիբեկյանն ապտակել է Իգնատին: Սա է դարձել Իգնատի՝ ծառայակցի նկատմամբ ատելության հիմքը:

Եվ ահա դեպքի օրը միևնույն վերաբերմունքին արժանանալուց հետո, քանի որ ֆիզիկապես հաշվեհարդար տեսնելու հնարավորություն չի ունեցել, որոշել է մեկ անգամ կրակել նրա ուղղությամբ: Այդ նպատակով կամաց լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը այնպես, որ Ա.Ադիբեկյանը ձայնը չլսի, թաքուն մոտեցել է նրան ու գիտակցելով, որ կրակոցից Ա. Ադիբեկյանը կարող է նաև մահանալ, մեկ անգամ կրակել է նրա ուղղությամբ, որից հետո Ա. Ադիբեկյանը բերանի վրա վայր է ընկել գետնին ու մահացել:

Այսպիսով՝ դատարանը վճռել է Իգնատ Ենգիբարյանին դատապարտել ազատազրկման 10 տարի ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանը վճիռն անփոփոխ է թողել՝ մերժելով բողոքը:




Լրահոս