«Եղնիկներ»-ի ժամկետային զինծառայող 20-ամյա Անդրանիկ Ղահրամանյանը կարծես թե չի սիրել կարգուկանոն եւ զինծառայության ժամանակ ձեռքն ընկած զենքն ընկալել է որպես «խաղալիք», որով կարելի է ցանկացած ժամանակ, ցանկացած առիթով խաղալ:
2011թ. հուլիսի սկզբին Ղարբենդ կոչվող նախկին բնակավայրում տեղակայված վրան-կացարանում Անդրանիկ Ղահրամանյանը լիցքավորել է ինքնաձիգը եւ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` փողը պահել նույն վաշտի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սահակ Առաքելյանի ոտքի ուղղությամբ ու կրակել: Ս. Առաքելյանը հրազենային վնասվածք է ստացել, ու չնայած դրան՝ Անդրանիկ Ղահրամանյանին չեն մեկուսացրել, չեն կալանավորել:
Դրանից մոտ 10 օր անց Անդրանիկ Ղահրամանյանը որոշել է նաեւ վաշտի հրամանատար Անդրեյ Հարությունյանի հարցերը լուծել: Այդ քայլին դիմելը Ղահրամանյանը հիմնավորել է նրանով, թե Անդրեյ Հարությունյանն իր մոր հասցեին անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել, ինչից խիստ վրդովված եւ վիրավորված լինելով՝ անցյալ տարվա հուլիսի 15-ին՝ 15:00-ի սահմաններում, համածառայող, շարքային Մուշ Մուրադյանին հայտնել է, որ ուզում է Անդրեյ Հարությունյանին սպանել: Ու նպատակն իրագործելու համար Մուշին ասել է, որ նա վրանից բերի Անդրեյի զենքը, սակայն Մուշը հրաժարվել է:
Այնուհետեւ Ղահրամանյանը Դավիթ Ղահրյանին է նույն բանը փոխանցել. ասել է, որ նա վրանից բերի այնտեղ քնած կապիտան Անդրեյին ամրակցված ինքնաձիգն ու պահեստատուփը: Դավիթ Ղահրյանը կատարել է Ղահրամանյանի «հրահանգը», եւ վերջինս վաշտի հրամանատարին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ լիցքավորել է նրա ԱԿՄ տեսակի ինքնաձիգը, ապահովիչը դրել մենահատ կրակոցի վրա, մտել վրան, կանգնել մահճակալների արանքում եւ ինքնաձիգի փողն ուղղելով քնած կապիտան Անդրեյի գլխին` մոտ 30 սմ հեռավորությունից 2 մենահատ կրակոցով սպանել նրան:
Սակայն այդ դեպքից հետո էլ Դավիթ Ղահրյանին չեն մեկուսացրել, եւ նա արդեն մոտ մեկուկես ամիս անց կրկին ինքնադրսեւորվել է զինվորների շրջանում: 2011թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, իրեն սխալմամբ հրելու պատճառով Դավիթ Ղահրյանը վիճաբանության մեջ է մտել շարքային Գոռ Գյուլբեկյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով` ապտակել է նրան:
Այժմ ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ, մեղադրյալ Անդրանիկ Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու եւ դիտավորյալ սպանության համար: Հադրութի շրջանի Տող գյուղի բնակիչ 20-ամյա Դավիթ Ղահրյանին էլ մեղադրանք է առաջադրվել կանոնագրքային հարաբերությունները խախտելու եւ սպանության կատարմանն օժանդակելու համար: Իսկ նրանց երրորդ ընկերոջը՝ լոռեցի Մուշ Մուրադյանին, մեղադրանք է առաջադրվել կատարվելիք հանցագործության մասին իմանալու եւ չհայտնելու համար: Վերջինս հանձնվել է հրամանատարության հսկողությանը, իսկ առաջին երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, քանի որ գործը մեղադրանքով մտել է առաջին ատյանի դատարան եւ առայժմ դատաքննության փուլում է:
Հիշեցնենք, որ «Եղնիկներ»-ում բազմաթիվ աղմկահարույց դեպքեր են եղել: Դրանցից նշենք YouTube-ում հայտնված տեսանյութը, որում նույն զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր 32-ամյա Սասուն Գալստյանը, 2010թ. հուլիս ամսին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, գումարտակի ավտոհավաքակայանի տարածքում ծեծի եւ ծաղրուծանակի էր ենթարկում նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գ. Հարությունյանին եւ շարքային Բ. Եղիկյանին` ջուր լցնելով նրանց ականջների մեջ, հարվածելով ու նվաստացնելով նրանց: Սասուն Գալստյանը հետագայում դատապարտվեց 3 տարվա ազատազրկման իշխանազանցության համար:
Այս զորամասում էր ծեծվել, խոշտանգվել ու մահացել ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը: Զորամասի տուժողներից մեկն էլ Գեորգի Մուսայելյանն է. մարտական հերթապահության ժամանակ նրա կողոսկրերն էին կոտրել: Դատվեցին համածառայակիցներ Սերգեյ Ղազարյանը եւ Սուրեն Գեւորգյանը. նրանք խախտել էին կանոնագրքային կանոնները եւ վիճելով մարտական հերթապահություն կատարող կրտսեր սերժանտ Մուսայելյանի հետ՝ ձեռքերով ու բռունցքներով մարմնական բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրան: Որպես պատճառ նշել էին մարտական հերթապահության ժամանակ քնած լինելը: Սերգեյն ու Սուրենը կատարած հանցանքի համար դատապարտվեցին 2-ական տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատվեցին պատժի կրումից:
Սակայն սա, իհարկե, «Եղնիկներ»-ում արձանագրված աղմկահարույց դեպքերի ամբողջական շարքը չէ…
ԶԵՆՔԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ «ԽԱՂԱԼԻՔ ԷՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ