Չպետք է մանրանալ. Տիգրան Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիրներն առանձին հարցերի համար չեն պայքարում: Պայքարում են իշխանափոխության համար: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ այս մասին նշեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչ իշխանական ուժերի պատգամավորների 44 ստորագրության շնորհիվ քառօրյայի օրակարգ ներկայացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության (իմպիչմենտի) գործընթաց սկսելու մասին նախագիծը:

«Նրանք պայքարում են ընդհանուր անարդարության համար: Իշխանությունը հենց դա է ուզում, որ ընդդիմությունը սկսի մանրանալ հարցերի շուրջ: Եթե սկսենք ամեն մի հարցի մասին խոսել, ապա ընդդիմության նախագիծը, որը վերաբերում է արդար ընտրություններին, արդար կյանքին, իմաստ չի ունենա», – ըդնգծեց նա:

Տ. Կարապետյանը նշեց, որ Ն. Փաշինյանը պետք է իր հարցն առաջ տանի, եթե իմաստ կա այդ նախագծում և արդար ցանկություններ են:

«Մենք դեմ չենք, բայց ընդդիմության ընդհանուր կոնտեքստը մենակ մեկ հարցը չի: Իշխանությունները քսան տարի է՝ բարեփոխումներ են խոստանում, առաջարկների տակ ստորագրում են, բայց ոչ մի բարեփոխում չի անցնում», – նշեց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք այժմ այսպիսի նախագծով հանդես գալու ժամանակն է, ԺԿ նախագահը նշեց. «Ով պետք է ասի՝ ճիշտ է, թե սխալ է: Դա ինքը գիտե այս պահին՝ ճիշտ է, թե ոչ»:

Նշենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջելու: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ կմիանա նրա նախաձեռնությանն ու կսատարի: Մյուս ուժերը դեռևս սպասում են նախագծի ամբողջական տեսքին:

Լուսանկարը` Panarmenian-ի




Լրահոս