Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում երեկ հավաքվել էին սեփական մեքենաները տաքսի դարձրած ավտոմեքենաների վարորդները՝ պահանջելով վերանայել բարձր հարկերը:
«Մեր պահանջն է, որ այս ավելորդ հարկերը վերացնեն: Լիցենզիա ստանալու համար բավականին գումար է պետք, որ ծանրացնում է մեր կյանքը: Մենք խնդրում ենք մեր նախագահին, որ վերանայի այս օրենքը, որ մենք ի վիճակի լինենք վճարել: Այդ դեղին համարանիշներով մենք չենք կարող դուրս գալ Հայաստանից: Մեր պահանջներից է նաեւ, որ քանի օր աշխատենք, այնքան վճարենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց տաքսու վարորդ Գեւորգ Պողոսյանը:
Հավաքված բազմության հետ զրուցեց ՀՀ տրանսպորտի տեսչության Լոռու տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Մարիկյանը՝ մեջբերելով օրենքի որոշ դրույթներ. «Առանց դեղին պետհամարանիշերի մեքենաների տուգանքը դարձել է 50.000 դրամ, իսկ դեղին պետհամարանիշերով տաքսի ունենալու համար օրենքը շատ բան է պահանջում: Մոտ 130 հազարից 140 հազար դրամ է պետք, որի համար էլ այսօր մեր վարորդները բողոքում են: Օրենքն օրենք է, պետք է ընդունեն»:
Վանաձոր