Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, անկուսակցական, «Վիրահայերի միասնություն» կազմակերպության նախագահության անդամ Հայկ Սանոսյանը 5-րդ համագումարի ԱԺ-ում չկա: Սանոսյանը 2007-ին պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակով, սակայն այս անգամ հայտնվել է ՀՀԿ-ի կողմից «անտեսվածների ցուցակում»: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավորի հետ՝ պարզելու, թե ինչու այս անգամ ՀՀԿ-ն իրեն չընդգրկեց համամասնական ցուցակում եւ պատգամավորական մանդատ չտվեց:
-Պարո՛ն Սանոսյան, ինչո՞ւ այս անգամ ՀՀԿ-ն Ձեզ չընդգրկեց իր համամասնական ցուցակում, դժգո՞հ էր ԱԺ-ում Ձեր կատարած աշխատանքից:
-Ուղղակի չեմ մասնակցել ընտրություններին, խնդիր չկա:
-Իսկ ի՞նչն էր պատճառը:
-Հո սաղ կյանքս պատգամավոր չպե՞տք է լինեմ, հերիք էր:
-Այսինքն՝ հոգնել եք պատգամավոր լինելուց, Ձեր «առաքելությունը» համարում եք կատարվա՞ծ:
-Չեմ հոգնել, ուղղակի ուրիշ գործունեությամբ պետք է զբաղվեմ:
-Ի՞նչ գործունեությամբ եք զբաղվելու:
-Դե ամեն ինչը հո չպիտի՞ ասեմ:
-Նեղացա՞ծ չեք կուսակցությունից:
-Չէ՛, ոչ մի խնդիր էլ չունեմ, Հանրապետական կուսակցությանը ես միշտ էլ համակրել եմ ու հիմա էլ համակրում եմ, ոչ մի խնդիր չկա: Ինչո՞ւ պետք է նեղացած լինեմ, իմ գործընկերներն են եղել ու իմ գործընկերներն են մնալու: Դե եթե ժողովրդի կողմից արդեն ընտրվել են պատգամավորները, ուրեմն արժանի էին նրանք, որպեսզի լինեն խորհրդարանում:
-Դուք արժանի՞ չէիք լինել խորհրդարանում:
-Ես ուղղակի չեմ ցանկացել լինել Ազգային Ժողովում, դե ամբողջ կյանքում մարդը չի կարող պատգամավոր լինել: Իմ գործունեությունը կապված է իմ ազգի, իմ ժողովրդի հետ, հիմա պիտի պարտադիր մանդա՞տ ունենաս, որ քո գաղափարները իրագործես, չէ՛, խնդիր չկա, ես այլ գործունեությամբ եմ զբաղվելու:
-Հնարավո՞ր է օրենսդիր դաշտից տեղափոխվեք գործադիր դաշտ:
-Չեմ կարող ասել:
-Որեւէ պաշտոն Ձեզ չե՞ն առաջարկել:
-Առայժմ ոչ մի առաջարկություն չեմ ստացել: Ոչ մի բան բացառված չէ, ինչպես ասում են մեր գործընկերները, քաղաքականության մեջ ոչ մի բան բացառված չէ:
-Հնարավո՞ր է՝ Ձեզ շուտով տեսնենք այլ կուսակցության շարքերում, ասենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում:
-Չէ՛, ես ի սկզբանե ասել եմ, որ նման բան հնարավոր չէ:
-Ձեր կարծիքով, ՀՀԿ-ն այդքան վա՞տն է, որ բացի ՕԵԿ-ից, ոչ մի կուսակցություն, անգամ իր նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն, չցանկացավ կոալիցիա կազմել:
-Քաղաքականության մեջ լավ ու վատ բան չկա, քաղաքականությունը տվյալ ժամանակահատվածն ինքն է որոշում՝ ոնց անել կամ ոնց չանել: Հիմա ԲՀԿ-ն չի մտել կոալիցիա, կարող ա հետո մտնի, դա իրե՛նց հարցրեք, ես ի՞նչ իմանամ: ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ունի եւ այդ բեռը վերցրել է իր վրա: Եթե քաղաքականության մեջ ես, պետք է ամեն անգամ պատրաստ լինես զարգացումների: Բայց ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ արտառոց բան կա: Հանրապետական կուսակցությունը հզոր քաղաքական թիմ ունի, ու ինքը կաշխատի այդ թիմով:
-Պարո՛ն Սանոսյան, օրեր շարունակ ադրբեջանական կողմը գնդակոծում է հայկական սահմանները, բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ շուտով պատերազմ է սկսվելու…
-Ամենեւին վախենալու կարիք չկա, մեր ոգին միշտ բարձր է եղել, ու միշտ էլ այդպես պետք է պահենք, չեմ կարծում, որ պատերազմ կլինի, ուղղակի դա էլ արտահայտվելու ձեւ է՝ կապված Քլինթոնի այցի հետ: Բայց, ամեն դեպքում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների:
-Բայց մեր հայրենի իշխանությունը կարծես թե դա չի գիտակցում. բոլորը ճամփորդությունների մեջ են:
-Նախագահն արդեն ասաց, որ հստակ հանձնարարականներ է տվել պաշտպանության գերատեսչությանը, իրենք աչալուրջ հետեւում են, պատրաստ են ցանկացած զարգացումների: Լուրջ են վերաբերում:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ԲԱՆ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ