Ադրբեջանական քարոզչամիջոցները, ինչպես միշտ, շատ կոպիտ են գործում՝ ջանալով շփման գծում կատարվածը գլխիվայր շուռ տալ և ներկայացնել այն իրեն ու աշխարհի հանրությանը հակառակ պատկերով:
Երեկ երեկոյան պաշտոնական Բաքուն, ի դեմս պաշտպանության գերատեսչության պաշտոնյաների, հերքել էր հայկական լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակման և ադրբեջանական կորուստների մասին:
Արդեն այսօր՝ դեկտմբերի 9-ին, նույն գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ երեկ հայաստանյան զինուժի հետախուզա-դիվերսիոն խմբերն են Ադրբեջանի տարածք մուտք գործելու փորձ կատարել, սակայն հետ են մղվել՝ մեծաթիվ զոհեր տալով, իսկ ադրբեջանական կողմը, իբր, ոչ մի զոհ չունի:
Միաժամանակ, դեպքից ոչ շատ ժամանակ անց ադրբեջանցի զինվորականները սկսել են շտապ կարգով «պայթել» ականների վրա, կամ նրանց մեքենաները սկսել են վթարի ենթարկվել:
Երեկ «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ ավտոմեքենայով ականի վրա պայթել են Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գյուղի մոտ: Արտակարգ պատահարի արդյունքում ստացած վերքերից մահացել էր Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղից զինծառայող, երկու երեխաների 35-ամյա հայր Գոշգար Գուրբանովը: Նույն շրջանի Խանգլար գյուղից զինծառայող Էշգին Շահբալիևը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
SalamNews լրատվական գործակալությունն իր հերթին հայտարարել է, որ Աղստաֆայի շրջանում ադրբեջանական բանակի 4 զինծառայող ՃՏՊ-ի է ենթարկվել, որի արդյունքում նրանցից 3-ը վիրավորվել են: Նշվում է, որ «Մերսեդես» ավտոմեքենան, որը վարում էր Բիլասուվարից Աղաջաֆար Մամեդ օղլու Նուրիևը, կորցրել է կառավարումը և շրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող, Մինգեչաուրից 23-ամյա Իլ գար Հասանովը, Ֆիզուլիից` Խալադդին Ռուստամովը և Աղստաֆայից 28-ամյա Էլշան Ալլահմանովը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղստաֆայի շրջանի կենտրոնական հիվանդանոց:
Հավանաբար, մոտ ժամանակներս կհայտարարվի նաև միանգամայն «խաղաղ» պայմաններում այլ զոհերի և վիրավորների մասին, և բոլոր այդ տեղեկությունների հանրագումարը կստեղծի ադրեջանցիների դիվերսիոն հարձակման արդյունքում հակառակորդի կրած կորուստների իրական պատկերը: