Դասընկերոջ պատճառով դանակահարված տղայի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի՝ օրերս դանակահարված 17-ամյա սանի՝ Տիգրան Գևորգյանի վիճակը շարունակում է ծանր մնալ. նա արդեն 13 օր կոմայի մեջ է: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանը, ում փոխանցմամբ՝ Տիգրանը մյուս համադասարանցիների՝ Ռոբերտի և Մաքսիմի հետ ցանկանում էր իրենից մեծահասակ նախահարձակներից պաշտպանել իր ընկերոջը: Այդ ամենի հետևանքով դպրոցական պատանիները հայտնվեցին հիվանդանոցում:

Հասմիկ Հովսեփյանը հայտնեց, որ Ռոբերտն այսօր է դուրս գրվել Վանաձոր ԲԿ-ից, իսկ Մաքսիմը բուժզննում է անցնում Երևանում. նա կոտրվածքներ էր ստացել:

«Ո՛չ մեղայականով ոստիկանություն ներկայացած տղան, ո՛չ նրա քույրը, ում պատճառով տեղի է ունեցել միջադեպը, մեր դպրոցի աշակերտները կամ շրջանավարտները չեն: Տղաներից ոչ ոք այս պահին դպրոց չի գալիս, քանի որ վերջնականապես չեն կազդուրվել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հերքելով տարածված լուրերը, թե ինքնակամ ոստիկանություն ներկայացած Նարեկ Ադամյանը և նրա քույրը սովորում են թիվ 24 դպրոցում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին դպրոցի բակում դանակահարություն է եղել: Դեպքի առթիվ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը):

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում,  անչափահաս Նարեկ Ադամյանը Վանաձորի թիվ 24 դպրոցի ետնամասում վիճաբանության մեջ է մտել նույն դպրոցի 4 աշակերտների հետ՝ վերջիններիս կողմից նույն դպրոցում սովորող իր քրոջը պարբերաբար վիրավորելու հարցի շուրջ, որի ընթացքում դանակով հարվածել է  նրանցից երկուսին՝ Տ. Գևորգյանի կրծքավանդակի շրջանին, ապա Ռ. Պետրոսյանի գոտկային շրջանին, և դիմել փախուստի:

02.12.14թ.՝ ժամը 22:30-ին,  Ն. Ադամյանը (ծնվ 1997թ.) մեղայականով ներկայացել է։ Նույն օրը նա ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Դպրոցի տնօրենն ավելի վաղ պատմել էր, որ վիճաբանությանը փորձել են միջամտել նաև դպրոցի աշխատակիցները, սակայն դա նրանց չի հաջողվել:




Լրահոս