ԱԱԾ-ն իր հայտարարությամբ անուղղակի կերպով հիմնավորել է տեսակետը, որ Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի վերաբերյալ քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի: Պարզվում է՝ «փողերի լվացման» դեպքերը տեղի են ունեցել 2010-2011թթ., ընդ որում լվացվել են ամերիկյան գումարներ: Ու այդ ամենի մասին ԱԱԾ-ն բարձրաձայնում է 2012թ. միայն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ ՀՀ կատարած այցից հետո: Ուշագրավ է նաեւ քրգործի հարուցման ամսաթիվը. նման որոշում ԱԱԾ քննիչը կայացրել է մայիսի 25-ին՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին ԲՀԿ հայտարարության հաջորդ իսկ օրը: Սակայն ԱԱԾ-ն դեռ չի շտապում խուզարկություն իրականացնել Օսկանյանի բնակարանում, ինչպես ժամանակին արվեց ԱԳ մեկ այլ նախարարի՝ Ալեքսանդր Արզումանյանի դեպքում: ԱԱԾ-ից չպատասխանեցին «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք դիմելու են ԱԺ՝ Օսկանյանին մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու համար: «Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-պատասխանեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ