Քննիչները համակարգային զոհեր կդառնա՞ն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ձերբակալվել է քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննիչն իր կողմից քննվող գործի շրջանակներում 2.000 դոլարի կաշառք է պահանջել և ասել, թե գումարը պետք է ՀՀ գլխավոր դատախազին հանձնի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը պաշտոնապես հաստատեց քննիչի ձերբակալման փաստը և ասաց, որ քննիչ Շ. Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր Օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերով խարդախություն), 38-312-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշոր չափերով կաշառք տալուն հանցակցելը), 34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խոշոր չափերով կաշառք տալու փորձ).«Գործի քննությունը գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում, այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ նախաքննող մարմնից»:

Հիմա դառնանք գործի արմատներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ N զորամասում ծառայակից ընկերների միջև տեղի ունեցած վեճի գործ է քննել: Ծառայության մեջ գտնվող տղաներից մեկի հարազատին առաջարկ է արել. «Եթե ուզում ես հարազատդ այս վեճում արդարացվի, ուրեմն 2.000 դոլարի պատմություն է, վճարի, և հարցը հօգուտ քեզ կլուծվի»:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչ Հայրապետյանը նրան, ումից ցանկացել է վերցնել 2.000 դոլարը, ասել է, թե այն պետք է հանձնի ՀՀ գլխավոր դատախազին: Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ է եկել:

«Ժողովուրդ»-ին առայժմ պաշտոնապես չհաջողվեց պարզել, թե ով է այն քաղաքացին, որից իբր քննիչը գումար է պահանջել, սակայն կարողացանք ՀՔԾ մեր լավատեղյակ աղբյուրներից պարզել, որ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած վեճի մասնակից կողմերից մեկն իր հարցերը լուծելու համար ստիպված է եղել տան ոսկեղենը գրավադրել, որպեսզի կարողանա քննիչի պահանջած 2.000 դոլարը հասցնի: Սակայն ընտանիքի անդամները, տեղեկանալով ստեղծված իրավիճակին, հանցագործության մասին հաղորդում են տվել ՀՀ գլխավոր դատախազություն, ինչի հետևանքով էլ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը ձերբակալվել է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս