ՑՈՐԵՆԻ ԲԵՐՔ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը սպասվող բերքի մասին հաշվետվություն ներկայացրեց: Նա հայտնեց, որ անցյալ տարի կառավարությունն աջակցել է գյուղացիական տնտեսություններին՝ շուկայականից ցածր գներով տրամադրելով ազոտական պարարտանյութ եւ դիզվառելիք: Տավուշի ֆերմերներին տրվել է 374տ. պարարտանյութ` 50-կիլոգրամանոց պարկը վեց հազար դրամով: Շուկայում պարարտանյութի այդ քանակի գինը 10-12 հազար դրամ է: Պետական բյուջեի ծախսերով կատարվել է  պարարտանյութի տեղափոխումը մարզի համայնքներ: Տավուշի գյուղացիներին տրվել է 1 մլն տոննա դիզելային վառելիք` լիտրը 350 դրամով: Սակայն   երկարատեւ` մարտի 15-ից մինչեւ մայիսի 10-ը տեւած երաշտը բավական վնաս է  հասցրել Տավուշի մարզի 5384 հա աշնանացան ցորենին: Մարզի գյուղվարչության եւ գյուղապետարանների մասնագետների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 3000 հա աշնանացանի բերքը վտանգի տակ է. ցորենը թերաճ է, եւ  կոմբայնները չեն կարող հունձ անել, հարկ կլինի հունձը ձեռքով կատարել: Ցածր բերք է սպասվում հատկապես առաջին վերարտադրության սերմացուից: Մարզի գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց նաեւ 11 համայնքում տեղի ունեցած կարկտահարությունը: Դրա պատճառած վնասների հաշվարկները համայնքներից  ներկայացվել են մարզպետարան, մարզպետարանն էլ ուղարկել է  գյուղնախարարություն: Տավուշում կարկտահարության վնասները կազմում են 132 մլն դրամ:
Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանն ասաց, որ այս տարի դեղձի լավ բերք է սպասվում, եւ դրա իրացումից հետո իր համայնքում հողի հարկի հավաքագրման ցուցանիշը կավելանա: Օհանյանը հարց բարձրացրեց, որ Այրումի պահածոների գործարանը գոնե մասամբ ընդունի դեղձի բերքը: Մարզպետ Արմեն Ղուլարյանն  ասաց, որ գյուղապետը կարեւոր  հարց է  բարձրացնում, անցյալ տարի Այրումի պահածոների գործարանը քիչ քանակությամբ դեղձ է ընդունել: Մարզպետը հանձնարարեց գյուղվարչության պետին խնդիրը քննարկել Այրումի պահածոների գործարանի տերերի, գյուղնախարարի հետ: Հիշեցնենք, որ ներկայում Այրումի պահածոների գործարանի հիմնական սեփականատերը “Արտֆուդ” ընկերությունն է, որի տերերից մեկն էլ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 
Տավուշ




Լրահոս