Ինչպես ամեն տարի, այս տարի ևս համաշխարհային նորաձևության առաջատարները ջանք չեն խնայել՝ ներկայացնելու յուրօրինակ ու նորաոճ հագուստի, աքսեսուարների ու զարդերի լայն ընտրանի՝ հագեցած վառ գույներով, համարձակ ձևվածքով ու նոր լուծումներով:
Ընդհանուր առմամբ այս տարին կարելի է անվանել վերադարձ դեպի 70-ականներ: Այնպես որ, եթե մայրիկների կամ տատիկների երիտասարդ տարիներից հիշատակ մնացած հագուստ կա, դրանք կարելի է վերակենդանացնել: Լայն դեկոլտե, մինի և միդի կիսաշրջազգեստներ, լայն շրջանակներով կլոր ակնոցներ, հաստ գոտիով վերարկուներ, լայն փողքերով տաբատներ, զամշ՝ գունային բազմազանությամբ:
Նորաձևությունն այս տարի առաջարկում է կիսաշրջազգեստների լայն տեսականի: Սակայն գլխավոր միտումը ազատությունն է, թեթևությունն ու սեքսուալությունը:
Կիսաշրջազգեստ-մատիտ (юбка-карандаш): Այս ոճի կիսաշրջազգեստը ցանկալի է համատեղել ինչպես նուրբ բլուզների, այնպես էլ ձիգ կտորից վերնաշապիկների հետ:
Լայն, բազմաշերտ կարճ կիսաշրջազգեստներն է՛լ ավելի կանացի կդարձնեն ձեզ՝ ընդգծելով կանացի կազմվածքի ողջ հմայքը: Ընդհանրապես այս տարի դիզայներները կանանց ու աղջիկներին խորհուրդն են տալիս հնարավորինս ընդգծել կանացիությունը: Դիզայներները չեն մոռացել նաև այն աղջիկներին ու կանանց, որոնք նախընտրում են սպորտային ոճը, առաջարկելով կոնքերից մի փոքր լայնացող և մեծ գրպաններով կիսաշրջազգեստներ: Այս ոճը պետք է համատեղել սպորտային աքսեսուարների հետ, չնայած որոշ դիզայներներ արել են ճիշտ հակառակը՝ ստանալով յուրօրինակ կերպարներ:
Նորաձև են նաև չափազանց երկար կիսաշրջազգեստները, կաշվից ու զամշից կիսաշրջազգեստներն ու կիսաշրջազգեստ-շորտերը:
Տարվա գույները
2015-ի ամենանորաձև գույներն են կանաչը, հատկապես` զմրուխտյա, էլեկտրիկ կապույտը, իսկ նորաձևության գագաթնակետին սիցիլական Մարսալա գինու գույնն է, որը կարելի է համեմատել նաև նռան գույնի հետ: Սա արդեն պաշտոնապես հայտարարվել է Pantone Color գիտահետազոտական ինստիտուտի կողմից: Հատկապես Նոր տարվա գիշերը փայլուն տեսք կունենաք, եթե հագնեք այդ գույնի երեկոյան զգեստ:
Շարունակում են ակտուալ մնալ փիրուզագույնը, կարմիրն ու մարջանագույնը, հյութեղ նարնջագույնը, վառ դեղինը և իհարկե դասական սևն ու սպիտակը, մոխրագույնն ու բեժը:
2015-ի նորաձևության գլխավոր միտումներից է կարակուլը, սակայն ոչ ստանդարտ սև գույնով: Համաշխարհային քայլահարթակներում այս տարի ներկայացվել են գունավոր կարակուլից վերարկուներ ու կիսավերարկուներ, ժիլետներ ու ժակետներ, որոնք բավական մեծ հետաքրքրություն են առաջացրել նորաձևության աշխարհում:
Այս տարի շատ նորաձև են թիկնոց-վերարկուները: Տարվա հիթային հագուստներից են բորդո գույնի կոստյումը, թափանցիկ տոպերը, ծաղկային և հեքիաթային հերոսների պատկերներով զգեստներն ու բլուզները: Նորաձև են նաև «կեղտոտ» մորթին, անթև պիջակներն ու ժակետները, ինչպես նաև տղամարդու ոճի կապիչներով կոշիկները: Իսկ կերպարն ամբողջական դարձնելու համար չմոռանաք դնել մեծ, կլոր, հաստ շրջանակներով ակնոց ու լայնեզր գլխարկ:
Ընդհանրապես այս ձմեռ խիստ ոճային է գլխարկը: Կրեք մորթե կամ գործվածքից գլխարկներ, իսկ երկար, հաստ, հյուսված շարֆը գցեք վերարկուի վրայից: Ի դեպ, շատ նորաձև են բնական մորթուց շարֆերը:
Տարվա ամենակարևոր աքսեսուարներից է ծաղկային կրծքազարդը, որը կարող է լինել նաև բնական:
Շտապենք ուրախացնել նաև ջինսի սիրահարներին: Այս տարվա նորաձևության գլխավոր միտումներից է գունավոր ջինսը, մասնավորապես` շագանակագույնը, կրակագույնը և կարմիրը: Կաշվե տաբատները նույնպես մնում են թրենդային:
Ի՞նչ զարդեր կրել այծի տարում
Նորաձև զարդերի գլխավոր միտումն այս տարի ծավալն ու ոչ ստանդարտ դիզայնն է: Դրանք պետք է լինեն խոշոր և աչքի ընկնող:
Այս տարի շատ նորաձև է մեկ ականջօղը, սակայն հիշեք, որ այն պետք է լինի հնարավորինս խոշոր:
Մանյակները նույնպես պետք է լինեն խոշոր և ոչ սովորական: Հատկապես արդիական են շատ կարճ մանյակները:
Նորություն են նաև կաշվի համադրությամբ կամ ամբողջությամբ կաշվից պատրաստված ապարանջանները: Ոսկու կամ ոսկեգույնի սիրահարներն այս տարի կարող են լիովին վայելել իրենց զարդերը. ոսկեգույն զարդարանքը տարվա գլխավոր թրենդներից է:
Ի տարբերություն ականջօղերի, մատանիների դեպքում քանակն ավելացել է. այս տարի շատ նորաձև են երկու, անգամ երեք գլխանի մատանիները, որոնց գլխիկները փռվում են երկու, երեք մատների վրա:
Ինչպե՞ս զարդարել տունն ու սեղանը
Տան գլխավոր զարդն ամանորյա տոնածառն է, և հարկ է խնամքով ու մեծ ուշադրությամբ վերաբերվել դրա հարդարանքին: Եվ այսպես, խորհուրդ է տրվում տոնածառը զարդարել տարվա տիրոջ՝ այծի պահանջներին համապատասխան: Քանի որ տարին կապույտ և կանաչ այծի տարի է, շատ համահունչ կլինի տոնածառը զարդարել կապույտ կամ կանաչ խաղալիքներով, իսկ դրանց համադրությունը կարող է ավելի գեղեցկացնել տոնական ծառը:
Այս տարի խանութներում հաստատ կգտնեք տոնածառի` այծի տեսքով խաղալիքներ, ուստի շտապեք սիրաշահել այծին՝ տոնածառը զարդարելով նրա կերպարանքով:
Կապույտ ու սպիտակ կլոր խաղալիքների համադրությունը նույնպես շատ գեղեցիկ կդիտվի կանաչ տոնածառի վրա:
Հետաքրքիր առաջարկ ոչ սովորական զարդարանքի սիրահարներին: Որպեսզի տարին լինի ֆինանսապես բարեբեր, խորհուրդ ենք տալիս տոնական ծառը զարդարել թղթադրամներով և արծաթագույն ու ոսկեգույն մանրադրամներով:
Ընտանեկան լուսանկարներով զարդարանքը նույնպես նորույթ կլինի և կզարմացնի ձեր հյուրերին: Այնպես որ հենց այսօր ընտրեք լավագույն լուսանկարները և ժապավեններով ամրացրեք ծառին: Կարող եք անգամ դրանք փայտե շրջանակների մեջ դնել և այդպես կախել ծառին:
Հետաքրքիր կլինի նաև տոնածառը նուրբ, գունավոր թխվածքաբլիթներով զարդարելը, հատկապես` այծի և ոչխարի տեսքով: