Bloomberg-ն ԱՄՆ-ին առաջարկում է օրինակ վերցնել Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան Bloomberg մեդիահսկան իր վերջին վերլուծության մեջ ԱՄՆ-ին վառելիքային փոփոխություն կատարելու կոչ է անում և որպես օրինակ առաջարկում է դիտարկել Հայաստանը:
“Հայաստանը այնքան էլ հայտնի չէ որպես համաշխարհային առաջատար, սակայն առնվազն մեկ ռեկորդային ձեռքբերում ունի. այդ երկրում մեքենաների և բեռնատարների 75 տոկոսը բնական գազով է: ԱՄՆ-ում, ընդհակառակը, այդ ցուցանիշը 0,1 տոկոսից էլ պակաս է, չնայած այն բանին, որ բնական գազի գները վերջին մի քանի տարիներին կտրուկ ընկել են: Հաշվի առնելով, թե ինչ խնդիրներ են ասոցացվում ԱՄՆ-ի հետ՝ կախվածությունը նավթից, բնական գազի ավելի մեծ կիրառությունը տրանսպորտում կարող էր հսկայական օգուտներ բերել: Դրանցից ամենակարևորներից մեկը մակրոտնտեսական օգուտը կլիներ: Բնական գազով փոխադրամիջոցների անցնելը կնվազեցներ խոցելիությունը նավթի գների ցնցումների առաջ”, – գրում է Bloomberg-ը: Անցման համար հսկայական փոփոխություններ հարկավոր կլինեին՝ նախևառաջ գազալցակայանների: Ամբողջ ԱՄՆ-ում 2000 գազալցակայան և 120 000 բենզալցակայան կա: Այս ցուցանիշի թվային փոփոխության համար առաջարկվում է, որպեսզի ամերիկյան կառավարությունը իր հարկային քաղաքականությամբ շահագրգռի, օրինակ, գազալցակայան կառուցողներին՝ ավելի մեղմ հարկային քաղաքականությամբ. 80 տոկոսի չափով հարկային արտոնություններ տրամադրի հաջորդ 3 տարում բնական գազի առաջին 20 000 լցակայան կառուցողներին, ինչը կառավարությանը կարժենա մոտ 22,5 մլրդ դոլար՝ այդ նույն շրջանի համար: Դա նպաստավոր կլինի նաև նոր աշխատատեղերի ստեղծման առումով և “մակրոտնտեսական երաշխիք կլինի վաղվա համար”, նկատում է Bloomberg-ը:Առաջարկվում է նաև չմոռանալ բնապահպանական օգուտների մասին. ֆինանսական կողմից բացի (850-18500 ԱՄՆ դոլար՝ տարբեր տիպի մեքենաների համար), այս անցումը կարող է նաև ջերմոցային գազերի և այլ արտանետումների ծավալը նվազեցնել:
Գազով աշխատող փոխադրամիջոցները 25 տոկոսով ավելի քիչ ջերմոցային գազեր են արտանետում: ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի հաշվարկներով՝ նման անցման դեպքում կլիմայական փոփոխությունները՝ ջերմոցային գազերի ազդեցության կտրվածքով, կհետաձգվեն ընդհուպ մինչև 300 տարով:
Աղբյուրը՝ tert.am :




Լրահոս