Ոստիկանությունը` «Լոռու ՃՈ պետը ցուցանի՞շ է սրբագրում» հոդվածի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է. ««Հրապարակ» օրաթերթի հունվարի 13-ի համարում տպագրված «Լոռու ՃՈ պետը ցուցանի՞շ է սրբագրում» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ քրեադատավարական գործընթացները կարգավորող ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ այն գործերը, որոնց հետևանքով առաջացել է մարդու մահ կամ առողջությանը պատճառվել է վնաս՝ քննվում են ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

«Ճանպարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը` ՀՀ կառավարության սահմանած կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառումն իրականացնում են բժշկական կազմակերպությունները` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

ՀՀ կառավարության 2007 թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշմամբ սահմանված կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն) կողմից:

Կարգի 8-րդ կետի համաձայն՝ եթե ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ, ապա պատահարի վայր ներկայանալուց հետո ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողն անհապաղ զեկուցում է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և մանրամասն հաղորդում ներկայացնում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելուց հետո, ինչը և կատարվել է հոդվածում նշված դեպքում, և պատահարը Կարգի 5-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերի համաձայն՝ հաշվառվել է Ճանապարհային ոստիկանությունում՝ ինչպես տարածքային, այնպես էլ կենտրոնացված կարգով:

Կարգի 17.1-ին կետի համաձայն՝ պետական վիճակագրության մեջ որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված են հաշվառվում այն անձինք, ովքեր մահացել են պատահարը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում:

Ինչ վերաբերում է պատահարի հետևանքով վիրավորված անձի մահանալու դեպքում այդ տեղեկությունը հաշվառելուն, ապա Կարգի 17-րդ կետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված նոր հանգամանքներ և տվյալներ ի հայտ գալու դեպքում լրացվում է լրացուցիչ քարտ, որի մեկ օրինակը նույն Կարգի 16-րդ կետով սահմանված կարգով ուղարկվում է Ճանապարհային ոստիկանության վարչական մաս, ինչը ևս կատարվել է հոդվածում նշված պատահարի դեպքում:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ Կարգի 17-րդ կետում նշված «նոր հանգամանքները կամ տվյալները» (այդ թվում՝ վիրավորված անձի մահանալու վերաբերյալ տեղեկությունը) կարող են ի հայտ եկած համարվել միայն այն դեպքում, երբ Ճանապարհային ոստիկանությունն այդ տեղեկությունը ստանում է վարույթ իրականացնող մարմնից կամ համապատասխան բժշկական կազմակերպությունից:

Բացի այդ, Կարգի 10-րդ կետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառում իրականացնող ծառայողն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ (Երևան քաղաքում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ) կատարում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց տվյալների համեմատություն բժշկական կազմակերպություններում գրանցված տվյալների հետ, արդյունքների մասին կազմում տեղեկանք և զեկուցում ստորաբաժանման ղեկավարին, իսկ Կարգի 12-րդ կետի համաձայն՝ համեմատություններ կատարելու ընթացքում հայտնաբերված հաշվառումից դուրս մնացած ճանապարհատրանսպորտային պատահարների (այդ թվում՝ դրանց հետևանքով զոհված կամ մարմնական վնասվածներ ստացած անձանց) հաշվառումն իրականացվում է նույն Կարգի պահանջներին համապատասխան:

Հետևաբար, ՀՀ ոստիկանությունում որևէ մեկը ցուցանիշ սրբագրելու գործով չի զբաղվում՝ փոխարենը կատարելով օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում այդ ցուցանիշները բարելավելու ուղղությամբ ամենօրյա աշխատանք:

Այսպիսով, հիմնազուրկ և անտեղի են հրապարակման մեջ նշված մեղադրանքները, իսկ հոդվածագրին, ով ամենայն հավանականությամբ չի տիրապետում գործող օրենսդրությանն ու նշված Կարգին, խորհուրդ ենք տալիս ոստիկանության գործունեության ոլորտին վերաբերող հրապարակում պատրաստելուց առաջ դիմել ոստիկանություն, համագործակցել ոստիկանության հետ, որը շահեկանորեն կնպաստի լրագրողի աշխատանքին՝ առնվազն նրան զերծ պահելով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու հեռանկարից»:




Լրահոս