«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ Աշխատանքի պետական տեսչության վարչական տուգանք նշանակելու մասին որոշման հիման վրա դեռեւս 2012 թվականից դատավոր Արշակ Ալավերդյանի վարույթում քննվող վճարման կարգադրության վերաբերյալ գործը ոչ մի կերպ չի հասնում հանգուցալուծման:
Ի դեպ, ռեկտոր Խաչատրյանն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել տեսչության ակտն անվավեր ճանաչելու համար: Հիշեցնենք, որ տեսչությունը ռեկտորին մեղադրում է աշխատողների աշխատանքային իրավունքները ոտնահարելու մեջ՝ արտաժամյա աշխատեցնելու, բայց չվճարելու, նախատեսվածից պակաս վճարելու եւ այլն:
Ինչպես տեղեկանում ենք http://datalex.am/ դատական տեղեկատվական համակարգից, 2012-ից մինչ օրս այս գործով ընդամենը 5 դատական նիստ է կայացել, որից 4-ը՝ 2013-ին, իսկ ամբողջ 2014-ին ընդամենը մեկ նիստ է նշանակված եղել՝ հունիսի 13-ին: Այս քայլից հետո որեւէ այլ գրառում դատական տեղեկատվական համակարգում չկա:
Նրա փոխանցմամբ՝ իր մասնակցությամբ միայն մեկ նիստ է կայացել՝ 2013-ի վերջին, որն էլ, սակայն, հետաձգվել է ռեկտորի կամ նրա լիազորված անձի չներկայանալու պատճառով: Դրանից հետո, պայմանավորված պաշտոնի փոփոխությամբ, ինքն այլեւս չի մասնակցել այս գործով դատավարությանը եւ տեղյակ չէ հետագա ընթացքից:
Կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 857 որոշմամբ Աշխատանքի պետական տեսչության վերակազմավորման արդյունքում իրավահաջորդությամբ այս գործով արդեն հայցվոր է ներկայանում Առողջապահական պետական տեսչությունը: Պետական այս մարմնին ենք դիմել գործի երկարաձգման վերաբերյալ պարզաբանման խնդրանքով եւ սպասում ենք պատասխանի»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: