Ստորագրահավաք՝ համացանցում. պահանջում են Պերմյակովին հանձնել հայկական կողմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին տալու պահանջով:

Արդեն մոտ 4000 ստորագրություն է հավաքվել, իսկ դիմումը մակագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Գյումրիի 102-րդ ռազմաբազային և ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուին:

«2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում սպանվեցին ընտանիքի վեց անդամներ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա: Իսկ վեց ամսական երեխան ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: Սպանության մեջ կասկածվողը ձերբակալվեց  Բայանդուր գյուղի մոտակայքում՝ հայ-թուրքական սահմանն անցնելու փորձի ժամանակ: Նա ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովն էր, ով հանձնվել է 102-րդ ռուսական ռազմաբազային:

Պերմյակովն ինքնակամ լքել էր ռազմաբազայի տարածքը: Սպանվածների ընտանիքում հայտնաբերվեց զինվորական կոշիկներ, որի ներսի մասում գրված էր զինծառայողի անունն ու ազգանունը: Պերմյակովը խոստովանել էր, որ սպանություն է կատարել: Պերմյակովը պատմել է, որ լքել է զորամասը, քանի որ այլևս չի ցանկացեծ ծառայել: Նա դուրս էր եկել քաղաք զբոսնելու, գնացել էր այդ տուն, որպեսզի ջուր խմի, դուռը թակել է, սակայն չեն բացել: Այնուհետև փորձել է այլ կերպ մտնել տուն, երբ իր դիմաց մարդ է դուրս եկել, սկսել է կրակել՝ վախենալով, որ իրեն կհանձնեն ռազմաբազային», – նշված է հայտարարույթունում:

Սպանության հանգամանքները ներկայացնելուց հետո ստորագրահավաքի մասնակիցները հղում են կատարում Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա պայմանագրին, որի 4-րդ կետից ելնելով՝ նրանք պահանջում են, որ այս գործի քննության համար Պերմյակովին հանձնեն հայկական կողմին:  Ըստ այդ օրենքի՝ ռուսական ռազմաբազայի անդամների կողմից կատարված հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը և աշխատում են ՀՀ իրավասու մարմինները։




Լրահոս