ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ.
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 9-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը։
Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը։ Որեւէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի, ամեն մի բանական մարդու կսկիծն ու հոգու խռովքը։
Միաժամանակ վերահաստատում ենք մեր ներկայացուցիչների կողմից նախկինում էլ հրապարակայնորեն պարբերաբար հնչեցրած պահանջը՝ Գյումրում Ավետիսյան գերդաստանի ոճրային սպանության գործի քննությունը եւ հետագայում նաեւ՝ դատաքննությունը պետք է կայանա Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ օրենքներին համապատասխան»։