«ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԲԱՑԱՌՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 19-ին եւ լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.000 կրակոց: Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են, եւ հակառակորդը կորուստներ կրելով` հետ է շպրտվել:

Ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Սուրեն Փիլոսյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը վերջին օրերին սահմանային լարվածության աճի շուրջ զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, օր օրի ավելանում է հակառակորդի կրակոցների եւ դիվերսիոն հարձակումների թիվը: Ըստ Ձեզ՝ ինչի՞ հետեւանք է այս ամենը, ինչո՞ւ է հակառակորդը վերստին ակտիվացել:
-8, 9, 10.. դա կապ չունի, կարեւորը ծավալն է, ու թե ինչ ուժերով է դա արվում: Ամենաակտիվ գործողությունները եղել են 2014 թվականի օգոստոս ամսին, զինադադարից հետո ամենապիկը եղել է դա: Հիմա էլ է ակտիվ, բայց այդ ինտենսիվությունը չունի: Գլոբալ առումով այդ ակտիվացումը կապված է մի բանի` Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության հետ: Իսկ քանի որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, Ադրբեջանը դա օգտագործում է, նա օգտագործում է պահը, երբ ՌԴ-ն խառնված է Ուկրաինայի իրադարձություններով:
-Տեսակետ կա, որ ՌԴ-ն կարող է նաեւ «թեւ» տվողների շարքում լինել, որպեսզի Ադրբեջանն ակտիվ մարտական գործողություններ սկսի:
-Ուրեմն այդ մասին խոսում են մարդիկ, որոնք սպասարկում են ոչ Հայաստանի շահերը, որովհետեւ տրամաբանության մեջ նման բան չի կարող լինել: Ուրեմն միակ պետությունը, որը շահագրգռված է, որ այստեղ կայուն լինի, ՌԴ-ն է, դա ակսիոմա է եւ ակնհայտ է: Դա ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ռուսաստանի դեմ: Քանի որ կան հայ-ռուսական հարաբերություններ, հակառակորդը մարտական գործողությունների չի դիմի: Ադրբեջանը հասկանում է, որ եթե պատերազմ սկսի, ապա դա ի վերջո բերելու է հակամարտության:

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
-Պարո՛ն Բաբայան, հակառակորդն օր օրի կրակոցներն ու դիվերսիոն գործողություններն ավելացնում է: Դուք ինչո՞վ եք պայմանավորում ադրբեջանական ագրեսիայի այս նոր ալիքը, եւ ըստ Ձեզ` ի՞նչ խնդիր է դրանով փորձում լուծել Ադրբեջանը:
-Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ հարցին ու նշել ենք, որ Ադրբեջանը իր էությամբ դիվերսիոն պետություն է, այնտեղ ֆաշիստական գաղափարախոսություն է իշխում՝ հայտյաց եւ այլն, իսկ նման պետությունները միշտ լինում են ագրեսիվ՝ լինի դա արտաքին, թե ներքին ասպարեզում: Արտաքին ասպարեզում թիրախ են դառնում Հայաստանն ու Արցախը: Արդեն ուրիշ հարց է, որ իրենք ուրիշ որակ են հաղորդել խախտումներին եւ հատկապես ակտիվանում են այնպիսի շրջանում, երբ կան միջազգային, ազգային տոներ կամ հիշատակի օրեր: Սա ակնհայտ է եւ մեզ համար նորություն չէ: Նորությունն այն է, որ որակն է փոխվել, ինչի մասին մենք տեղեկացնում ենք համապատասխան մարմիններին: Ու կարծում եմ, որ որոշակի քայլեր պետք է նաեւ իրենք ձեռնարկեն: Նման խախտումները նաեւ վտանգ են ներկայացնում միջազգային հանրության համար, ու սա որեւէ մեկին ձեռնտու չէ: Ակնհայտ է, որ Ալիեւի կլանը իր իշխանությունը պահպանելու համար դիմում է այսպիսի սադրիչ գործողությունների:
-Իսկ ԼՂՀ իշխանությունները ի՞նչ են մտածում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին: Ի վերջո, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման եւ դիվերսիաների թե՛ քանակական, թե՛ որակական փոփոխությունը պետք է որ հստակ նպատակ ունենա:
-Մենք երբեք չենք բացառում պատերազմի վերսկսումը, որովհետեւ դա ճիշտ չէ, մենք միշտ պետք է պատրաստ լինենք, յուրաքանչյուր պահի: Ուզում ես խաղաղություն` պատրաստվի՛ր պատերազմի, այդպիսի հայտնի խոսք կա: Մյուս կողմից կան մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են, որ շատ քիչ է պատերազմի վերսկսման հավանականությունը: Միջազգային հանրության եւ գերտերությունների համար ձեռնտու չէ նման պատերազմի վերսկսումը: Ուղղակի Ադրբեջանը շարունակելու է նման խախտումները, իսկ եթե պատերազմ լինի, ուրեմն մենք մեր հաջորդ հաղթանակը պետք է Բաքվում տոնենք:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եւ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի հետ, սակայն նրանք հրաժարվեցին` ասելով, թե իրենք չեն կարող խոսել:

 

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԵՑ. ԻՐ ՀԵՏ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ առավոտյան հանդիպելու էր «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառի աշխատակիցներին: Առեւտրականների հետ հանդիպումը կայացավ Աբովյան քաղաքի տոնավաճառի մոտ, սակայն Ծառուկյանն այդպես էլ որեւէ հստակ բան չասաց եւ չնշեց, թե երբ են առեւտրականներն այդտեղ սկսելու իրենց աշխատանքը:

Տեղեկացրել էինք, որ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներին ԲՀԿ ներկայացուցիչները վստահեցրել են, որ նրանք շատ ավելի բարենպաստ պայմաններում կաշխատեն Գ. Ծառուկյանի «հովանավորությամբ». նա տարածք կտրամադրի առավել արտոնյալ պայմաններով եւ կօգնի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանից դժգոհ առեւտրականներին:
Երեկ Աբովյան քաղաքի տոնավաճառի մոտ առեւտրականները հավաքվել ու անհամբեր սպասում էին Գ. Ծառուկյանին: Վերջինիս դիմավորեցին ծափողջույններով: Ծառուկյանը մոտենալով ժողովրդին՝ ասաց, որ իրեն հարցեր ուղղեն, ինքը պատրաստ է լսելու: Հարցերը լսելուց հետո ԲՀԿ առաջնորդն ասաց, թե նրանց առեւտրային տարածքներ տրամադրելու են այդ հատվածում, եւ հայտարարեց, որ սկզբնական փուլում առեւտրականներից վարձավճարներ չի պահանջելու. «Գիտեք՝ իմ խոսքը գործ է. ինչ որ ասեմ, ես իմ ասածի տեր եմ: Իմանալով այսօր ժողովրդի վիճակը՝ ես որոշեցի օգնել ձեզ: Պատրաստ եմ տարածք տրամադրել առանց որեւիցե գումարի: Երբ որ դուք աշխատեք, ձեր գործը լավանա, դեմ չեմ, որ գումար վճարեք: Դուք աշխատեք եւ ձեր ընտանիքը պահեք, մինչեւ ամեն ինչ լավանա, սենց չի մնա: Ուրիշ ոչ մի նպատակ չկա»:
Հիշեցնենք, որ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներն այլեւս չեն կարողանում աշխատել, քանի որ տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, բարձրացրել է տաղավարների վարձավճարները, ինչն էլ ստիպել է առեւտրականներին ընդունել Գագիկ Ծառուկյանի օգնությունը:
Առեւտրականները փորձեցին Գ. Ծառուկյանից պարզել, թե երբվանից են կարող իրենց տրամադրվելիք տարածքում սկսել աշխատանքները, սակայն Ծառուկյանը որեւէ կոնկրետ պատասխան չտվեց: «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից պարզել՝ արդյո՞ք այդ քայլը իրեն չի թշնամացնելու Աշոտ Աղաբաբյանի հետ. «Ծառուկյանը կարա՞ որեւիցե մեկի հետ խնդիր ունենա, չհասկացա, կարող է հարցը ճիշտ չե՞ք տալիս: Աշոտ Աղաբաբյանի հետ ես որեւէ խնդիր չունեմ, գիտեք՝ տնտեսական ճգնաժամա, ապրելակերպը դժվար է, ե՛ւ Գագիկ Ծառուկյանը, ե՛ւ Աշոտ Աղաբաբյանը իրենց հնարավորության սահմանում պետք է աջակցեն, որ ժողովուրդը կարողանա իր գոյատեւության խնդիրը ապահովել»:
Նշենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյանի այդ քայլն իրեն չի վիրավորում, Աշոտ Աղաբաբյանը պատասխանել էր. «Բայց ինչի՞, ասենք՝ իմ մոտից չեն գնացել, ուրիշի մոտից են գնացել, մարդը հնարավորություն ունի, թող օգնի»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ ԹԵՐԻ
Այս տարվա հունվարի 9-ին ուժի մեջ է մտել մի քանի օրենքներում կատարված փոփոխությունը, որն ընդունված է անվանել վարորդների «համաներման մասին օրենք»: Ըստ այդմ, այն վարորդները, ովքեր մինչեւ 2012 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում խախտել են երթեւեկության կանոններն ու դրա համար տուգանվել, ազատվում են վարչական ակտով նախատեսված տուգանքը եւ մյուս վճարումները կատարելուց: Իսկ 2012-ի հունվարի 1-ից մինչեւ 2015թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում տուգանված վարորդները, մինչեւ այս տարվա հուլիսի 9-ը վճարելով միայն վարչական ակտով սահմանված տուգանքի մայր գումարը՝ կազատվեն տուգանքի չափի ավելացած մասը եւ ԴԱՀԿ-ի կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից:
«Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կուտակած պարտքեր ունեցող քաղաքացիների թիվը բավական մեծ է: «Ունենք նաեւ 2009, 2010 թվականի գործեր, որոնք դեռ դատարանում են գտնվում: Մեր հաշվարկով մոտ 2 միլիարդ դրամի մասին է խոսքը, այդքան գումար մնաց վարորդների գրպաններում: Իհարկե, այս վերջին ընդունվածը լավ օրենք է, բայց, միեւնույն է, որոշ թերություններ շարունակում են մնալ: Հարկադիր կատարման գումարի բռնագանձումը գտնում ենք, որ հակասահմանադրական է»,- ասաց Հովհաննիսյանը:

 

ՈՐԴՈՒՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ընկերությունը` «Արտաշատի պահածոների գործարանը», օրերս տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից: Ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Սերգո Կարապետյանի որդին` Վաչագան Կարապետյանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերջինս դեռեւս անցած տարվա հունիսի 10-ին արտահանման ռեժիմով ընկերության անունով հայտարարագրել է ինքնասոսնձվող դրոշմապիտակներ, սակայն սահմանված ժամանակում ապրանքը չի ներկայացրել ՀՀ մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժնին: Արդյունքում՝ հայտարարգրումից ավելի քան վեց ամիս անց` հունվարի12-ին, մաքսային ծառայությունում քննություն է նշանակվել: Որոշվել է նախարարի որդուն տուգանել 50 հազար դրամի չափով:

 

ՀԷՑ-Ը ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
Մոտ օրերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանել էր 10 մլն դրամի չափով: ՀԷՑ-ից ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցմանը՝ ասացին, որ դեռեւս հստակ չի որոշվել՝ ՀԾԿՀ-ի որոշումը բողոքարկելու են, թե ոչ: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի կողմից ՀԾԿՀ հաշվետվություններից պարզվել էր, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ՀԷՑ-ի հատուկ հաշիվներում. «կերել են»:




Լրահոս