ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` նախարար Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ դեռևս նախկին դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունն ինտենսիվ աշխատել է` այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Տյան Էրլունի հետ հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը ցուցաբերվող շարունակական աջակցության և գործակցության համար: Հատուկ ընդգծվել է հայ-չինական համագործակցությունը Հայաստանում շտապօգնության ծառայության զարգացման ուղղությամբ:
«2011 թվականին Հայաստանը ձեռք է բերել 88 շտապօգնության մեքենա, որից 20-ը` ռեանիմոբիլ, 68-ը գծային: Հայ-չինական գործակցությունն արդյունավետ է նաև գիտաբժշկական` մասնավորապես, առողջապահության կազմակերպիչների, հայ բժիշկների, հատկապես ավանդական բժշկության մասնագետների` Չինաստանում վերապատրաստման կազմակերպման ուղղությամբ»,-ընդգծեց նախարարը: Արմեն Մուրադյանը վստահություն հայտնեց, որ դեսպան Տյան Էրլունի նշանակումից հետո հայ-չինական գործակցությունը կթևակոխի նոր փուլ:
Դեսպան Տյան Էրլունը նշեց, որ երեք ամիս է, ինչ սկսել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը: Ըստ նրա, հաշվի առնելով առողջապահության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը` ինքը կարևորում է ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպումը: «Առողջապահության ոլորտը մեզ համար առաջնահերթություն է, քանի որ այն առնչվում է ամբողջ ժողովրդին: Հայ-չինական կապերի ընդլայնման համար արդեն իսկ ամուր հիմք կա: Մենք պատրաստակամ ենք շարունակել ինտենսիվ համագործակցությունը` ազգաբնակչությանն անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու համար»,-նշեց դեսպանը:
Հայ-չինական փոխգործակցության մեջ ևս մեկ անգամ կարևորելով շտապօգնության ծառայության կատարելագործման ուղղությամբ համատեղ աշխատանքն ու քայլերը` Արմեն Մուրադյանը նշեց, որ հայկական կողմը կրկին դիմել է Հայաստանին շտապօգնության մեքենաների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու հարցով: Նախարարը ներկայացրեց այս ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը նպաստել է բնակչությանն առավել արդյունավետ ու որակյալ առաջնային բուժօգնություն ցուցաբերելուն: Նախարար Մուրադյանը նշել է, որ հաշվի առնելով բնակչության դիմելիության աճը և վստահության ավելացումը այս ծառայության հանդեպ, անհրաժեշտություն կա թարմացնել շտապօգնության մեքենաների պարկը:
Չինաստանի նորանշանակ դեսպանը ընդունել է նախարար Արմեն Մուրադյանի Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերություն, ինչպես նաև այլ բժշկական հաստատություններ այցելելու առաջարկը` տեղում ծանոթանալու հայ-չինական առողջապահական փոխգործակցության արդյունքներին: