Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Գյումրիի դաժան սպանությունների վերաբերյալ նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանի՝ «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» նախագիծը:

Այն ներառված է ԱԺ «օրակարգում դեռևս չներառված» բաժնում:

Այն պետք է ամրագրի, որ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի և «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) և «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը:

ԱԺ հայտարարության տեքստի նախագծում նշվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարգում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ռազմական ոլորտում առկա երկկողմ պայմանագրերը:

Վերոնշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմանի հարգանք և համագործակցություն:

Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ոչ միայն իր դաժանությամբ է ցնցել հայ հանրությանը, այլ նաև այդ եղեռնագործության քրեական վարույթի իրականացումը, և մեղադրյալին կալանքի տակ վերցնելը Ռուսաստանի Դաշնության կողմից արդարացի և իրավաչափ բողոք է բարձրացրել հասարակության շրջանում»:

Փաստաթղթում նշվում  է նաև, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, ակնկալում է, հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության, Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին:

Որպես կից ներկայացված հիմնավորում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ղեկավարությունը, շրջանցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մեջ և կնքված պայմանագրերը, «շարունակում է ապօրինի գործունեությունը՝ չփոխանցելով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իշխանություններին»:




Լրահոս