Նախկին ընկերը` մարդասպան. մանրամասներ` Լիճք գյուղի սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Լիճք համայնքում սպանություն է տեղի ունեցել:

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ սպանվածը գյուղի բնակիչ Արթուր Իրիցյանն է. «Ամուսնացած է, ընտանիք ունի: Նորմալ մարդիկ էին: Արտագնա աշխատանքի էր գնում Ռուսաստանի դաշնություն և ձմռանը վերադառնում էր»:

Ըստ գյուղապետի` սպանողն ու սպանվածը նախկինում ընկերներ են եղել, իսկ ավելի ուշ կոնֆլիկտ է առաջացել, և մոտ հարաբերություններ նրանց միջև այլևս չեն եղել. «Այլ մանրամասներ չգիտեմ, կներեք, դեռևս ոչինչ էլ չեմ կարող ասել»:

Նշենք, որ ըստ Լիճքում շրջանառվող լուրերի` սպանություն կատարելու կասկածանքով որոնում է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Արմեն Գարոյանը: Ավելին, ըստ գյուղի բնակիչների` սպանություն կատարողը զինված է եղել ինքնաձիգով:

Հավելենք նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ Իրիցյանին հրազենային վնասվածք է պատճառվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 հատ պարկուճ:

Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար:




Լրահոս