ՀՀ քաղաքացի Ա. Իրիցյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 27-ին ձերբակալվել է Լիճք գյուղի բնակիչ Ա. Գորոյանը՝ սպանության կասկածանքով։ Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ 2015 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 16:05-ին, «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «հոգեվարքային վիճակ՝ հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արթուր Յուրիկի Իրիցյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է, որ Իրիցյանին հրազենային վնասվածք է պատճառվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 հատ պարկուճ:
Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար:
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ, հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ։
2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 05:30-ին, մեղայականով ներկայացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Ա. Գորոյանը (ծնված 1986թ.), ով նույն օրը՝ ժամը 06:30-ին, ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով: