ԴԱՏԱԽԱԶԸ ՀՈԳԵՎՈՐԱԿԱ՞Ն ԹԵ՞ ՓՍԻԽՈԹԵՐԱՊԵՎՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Ազգային ժողովում հունվարի 12-ին Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, մեղմ ասած, հայտնվել էր տհաճ իրավիճակում: Պատգամավորները գլխավոր դատախազից ակնկալում էին ստանալ կոնկրետ պատասխաններ, արդյունքում՝ շատ հարցեր մնացին անպատասխան, ինչն էլ պատճառ դարձավ, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դատախազի խոսքը համարեր ոչ թե դատախազի, այլ «հոգեւորականի կամ փսիխոթերապեւտի զեկույց»:

Նախ հիշեցնենք, որ դատախազ Կոստանյանը հունվարի 16-ին Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էր. «Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ ես 100 տոկոսով, միանշանակ դիմելու եմ այս հարցով Ռուսաստանի գլխավոր դատախազին»: Իսկ, ահա, երեկ խորհրդարանական լսումների ժամանակ ասում էր, թե դիմելն ինքնանպատակ չէ. «Երբ որ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, իհարկե, դիմելու եմ»: Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը Գյումրիում պարզապես «տղամարդավարի» խոսք էր տվել՝ գյումրեցիներին հագստացնելու, այլ ոչ թե նրանց հուզող հարցերին հետագայում պատասխան տալու համար: Ոճրագործությունից 11 օր է անցել, եւ իրավիճակի որոշակիացման փոխարեն այսօր է՛լ ավելի է խորանում առաջին օրերի անորոշությունն ու անպատասխան հարցերի քանակը, ինչի արդյունքում էլ երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին ստիպեց խոսքը կտուրը չգցել` հղում անելով նախաքննության գաղտնիությանը, այլ կոնկրետ պատասխանել իր հարցերին: Գլխավոր դատախազը, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ըստ էության ընդունեց, որ սահմանապահները պարտավոր էին սահմանախախտի բռնելու մասին հայտնել եւ նրան հանձնել ՀՀ իրավապահներին. «Այո՛, պարտավոր էին հայտնել, պարո՛ն Փաշինյան: Իհարկե, սահմանախախտին պետք է հանձնեին ՀՀ-ին: Իսկ հանձնել եւ հայտնել են, թե չէ, այդ ամեն ինչը քրգործում է»: Հետաքրքիր է, այս հայտարարությունից հետո Կոստանյանն ինչքան կշարունակի պաշտոնավարել:
Ասել է թե՝ ստեղծվել է մի վիճակ, երբ Պերմյակովին պատժելու «խաղաքարտերը» կարող էին ՀՀ իշխանությունների ձեռքում լինել ՀՀ օրենսդրության եւ օրենքի շրջանակներում, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:
Ստեղծված իրավիճակում միանգամայն ճիշտ էին ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցադրումները, որ խնդիրը միայն գլխավոր դատախազության դաշտում չէ, եւ հանրությանը պետք է բացատրություններ տան ԱԳՆ-ն եւ ԱԱԾ-ն. «Դուք մի դեր եք ստանձնել, որը ձեր պարտականությունը չի, մենք լսումներ էինք ուզում արտաքին գործերի նախարարի եւ ԱԱԾ պետի հետ: Մեր հարցերն առնչվում են իրենց հետ: Սահմանապահ զորքերի կարգապահության հետ կապված երբեւէ դեպք չի եղել, որ սահմանապահին հանձնեն որեւէ այլ երկրի: Կատարվել է պաշտոնական դիրքի չարաշահում: Երբ ասում են, որ բռնել են եւ տեղափոխում են ռուսական ռազմաբազա, այստեղ կա ոստիկանության անգործությունը: Այստեղ քրգործի հատկանիշներ կան: Մի՛ վերցրեք ձեզ վրա մնացած հարցերը, որը ձերը չէ: Կորած են, արտգործնախարար չկա, ԱԱԾ պետը ոչ մի բան չի ասում»:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ լսումների ժամանակ սահմանապահների խախտման մասով հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց. «Ակնհայտ է, որ ռուս սահմանապահներն են նրան վերցրել արգելանքի տակ: Մենք չգիտենք՝ դա Պերմյակովն է եղել, թե ոչ, նա չի եղել համապատասխան համազգեստով, փաստաթղթով: Դուք պետք է ղեկավարվեք ՀՀ քրեական օրենսգրքով: Կարող է Պերմյակովը չէր, մեկ այլ անձ էր, որը փորձում էր հատել ՀՀ սահմանը: Ես պահանջում եմ հարուցել այս մասով քրգործ»:
Վերջում նկատենք, որ ընտանիքի 7 անդամի ողբերգական մահից շուրջ մեկ շաբաթ անց հանցագործության բնույթի, էության, դրդապատճառների մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ, ինչը հիմք է տալիս մտածելու, որ միգուցե հանրությանը հուզող հարցերն այդպես էլ չունենան իրենց պատասխանները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ՄԵՐ ԸՆԿԵՐՆ ԷՐ

2011-12թթ. ռազմաբազայում իր ծառայությունն անցկացրած Դմիտրի Լեոնտեւը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գյումրեցիների հետ միշտ լավ հարաբերություններ է ունեցել, իսկ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի արարքն իրեն պարզապես զարմացրել է: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ամաչում է Պերմյակովի արարքի համար:

-Գյումրեցիների հետ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, հաճախ շփվել ենք տաքսիի վարորդների հետ: Մենք նրանց մեր բանկային քարտերն էինք տալիս, նրանք գնում էին քաղաք, գումար էին հանում եւ մեզ բերում: Երբեք նրանք մեզ չեն խաբել: Ես անձամբ Սամարայից եմ, եւ իմ մայրիկն այնտեղից անընդհատ գումար էր փոխանցում իմ հեռախոսահամարին: Ազգությամբ հայ մի տղամարդ հետաքրքրվել էր, թե մայրիկս ում է այդքան հաճախ գումար փոխանցում: Իմանալով, որ ես Գյումրիում եմ ծառայում, նա իր օգնությունն էր առաջարկել: Արդյունքում՝ նա բարեկամների օգնությամբ ինձ ծանրոցներ էր ուղարկում: Նրա բարեկամները Սպիտակից էին, եւ մենք իսկապես ընկերացանք: Զինվորներին միշտ լավ են վերաբերվել Գյումրիում, եւ դա փոխադարձ է եղել:
-Դժվա՞ր է ծառայել Գյումրիում:
-Ծառայությունն ինձ համար դժվար է եղել, բայց ոչ հարաբերությունների տեսանկյունից: Դժվարն այն էր, որ լեռնային տարածք էր, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ շուտ ես հոգնում, մշտական վարժություններն էլ ավելի են հոգնեցնում:
-Ի՞նչ կարող եք ասել Գյումրիի ողբերգական դեպքերի մասին: Պերմյակովի պատմածները հավատ ներշնչո՞ւմ են:
-Բազմաթիվ հարցեր են առաջացնում նրա պատմածները: Եթե նա չէր ցանկանում ծառայել, կարող էր փախչել Ռուսաստանում ծառայելու ժամանակ: Հրացանով փախչել զորամասից, այն էլ այնպիսի մի երկրում, որը Ռուսաստանի հետ սահմանակից չէ, ուղղակի խելագարություն է: Միգուցե նա մտածված գնացել էր սպանություն կատարելու կամ ուղղակի վախեցնելու ցանկություն է ունեցել, սակայն չափն անցել է: Այլ հարց է, թե ինչու է հրացանով փախել:
-Մի՞թե ռազմաբազայից այդքան հեշտ է փախչել:
-Ռազմաբազայի տարածքից հնարավոր է փախչել, բայց դրա համար ջանքեր են պետք գործադրել: Եթե նա զորամասում է, ապա դա գրեթե անհնար է, իսկ եթե հերթապահության մեջ, ինչպես Պերմյակովը, հնարավոր է, սակայն մեկ-երկու ժամվա ընթացքում այդ մասին հայտնի կդառնա հրամանատարին:
-Ինչպե՞ս կբացատրեք Պերմյակովի արարքը:
-Ես կարծում եմ, որ նա հոգեկան խնդիրներ ունի: Շատ հարցեր կան եւ մութ կողմեր, որոնք պետք է պարզաբանել: Ուղղակի մեր զինկոմիսարիատը պետք է ավելի ուշադիր անցկացնի բժշկական հետազոտությունները եւ առողջական խնդիրներ ունեցողներին չթողնի ծառայության: Այժմ Պերմյակովի արարքի ֆոնին Հայաստանի հետ կփորձեն վարվել այնպես, ինչպես Ուկրաինայի: Ռուսներն ու հայերը միշտ ընկերներ են եղել, իսկ Պերմյակովի նման մարդկանց արարքները չպետք է փչացնեն այդ հարաբերությունները:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՆՈՐ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության Մոսկվայի շրջանի ղեկավար Օլգա Կիրիլովան հայտարարել է, որ աշխատանքային ներգաղթյալների՝ անցած տարի ստացած աշխատանքային թույլտվությունները կգործեն մինչեւ 2015թ. մարտ ամիսը: Այդուհետ օտարերկրացիները պետք է նոր տեսակի աշխատանքային թույլտվություն ստանան: «Աշխատանքի թույլտվություն ստանալու ժամկետը կմնա նույնը՝ 10 օր»,-ասել է նա: Ծառայության տվյալներով՝ աշխատանքի նոր թույլտվություն ստանալու համար Մոսկվայում տարեսկզբից դիմել է շուրջ 3.500 ներգաղթյալ, ինչը չափազանց քիչ է: Ներգաղթյալը, ով կցանկանա աշխատել Մոսկվայում, ստիպված է լինելու համապատասխան թույլտվության համար շուրջ 14 հազար ռուբլի վճարել:

 

ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
ՌԴ Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը կժամանի Հայաստան ու կայցելի Գյումրի, որտեղ ռուս ժամկետային զինծառայողը սպանել է 7 անձից բաղկացած ընտանիքի անդամներին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ՝ եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ Նրա խոսքերով՝ պատվիրակության կազմում կլինեն նրա առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւը, պատգամավորներ Իրինա Ռոդնինան ու Բորիս Ռեզնիկը:

 

ԻՆՖԱՐԿՏԻ  ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Armlur.am-ի փոխանցմամբ` Ծաղկաձորում գտնվող Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը նախօրեին կտրուկ վատացել է: Անվանի մարզիկն ու մարզիչը շտապ տեղափոխվել է Երեւան` «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան ստենդավորել են: Ջուլֆալակյանի մոտ գրանցվել է սուր ինֆարկտ: Ներկայումս մարզիկի վիճակը լավ է:

 

ԳՈՐԾ ՉԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
7 օր առաջ Ազատության հրապարակից բերման ենթարկված մոտ 4 տասնյակ քաղաքացիներից ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մինչդեռ ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն:

 

ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ
ՆԱՏՕ-ն մտադիր է վերականգնել շփումները Ռուսաստանի հետ։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն ասել է, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնակիցների հետ հաղորդակցության վերականգնումն ունի կարեւոր նշանակություն։

 

ԲԱՑ ՌԵԺԻՄՈՎ
«Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով»,-երեկ հայտարարել է նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը. «Պատժաչափը, ըստ էության, կարեւոր չէ, որովհետեւ նման սովորական անզգույշ ավտովթարի հետեւանքով սպանության գործերով սովորաբար կիրառվում է պատժի բաց ռեժիմ»: Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի համար մեղադրող դատախազը պահանջում է 6.5 տարի ազատազրկում: Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացմամբ` «բաց ռեժիմն» այն է, որ կալանավորն առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան 8-ն ազատության մեջ է ու միայն երեկոյան պետք է ներկայանա, գրանցվի եւ մնա կալանավայրի բաց տարածքում։ Նա ունի տարվա ընթացքում 6 ամսվա արձակուրդի հնարավորություն. «Որպես կանոն այս դեպքերում անձը կարող է մեկ-երկու տարվա ընթացքում ազատ արձակվել: Նման կալանավորները համաներումով կամ վաղաժամկետ պայմանական ազատ են արձակվում»:




Լրահոս