«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը: 4 տարի առաջ մենք հայտարարեցինք, որ լուսաբանելու ենք ողջ դաշտը այնպես, ինչպես կա: Մենք չունենք նախընտրելի եւ մերժելի կերպարներ, չենք առաջնորդվում «սիմպատիաներով» ու «անտիպատիաներով»:
Լինելու ենք հետեւողական մեր կողմից բարձրացված բոլոր խնդիրներին: Նաեւ խոստացանք, որ մեր թերթը հավատարիմ կմնա իր որդեգրած կարգախոսին՝ «Թերթ բոլորի եւ ամեն ինչի մասին», քանի որ մեր միակ պատվիրատուն լինելու է ընթերցողը: Հետադարձ նայելով անցած տարիներին՝ կարող ենք վստահ ասել, որ չենք շեղվել մեր նախանշած ուղուց:
Մեր ընթերցողների կողմից մեզ հասցեագրված դիմումներն ու նամակները գրեթե անպատասխան չեն մնացել: Ավելին՝ հարյուրավոր քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները լուծվել են: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ շարունակելու ենք նույն ոգով աշխատել՝ անկախ նրանից, թե դա ում դուր կգա, ում՝ ոչ»: