Արամ Տեր-Սահակյանն արձագանքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Armlur.am-ը հոդված էր հրապարակել՝ «Ի՞նչ էր անում ռազմական ոստիկանության նախկին պետը՝ Վարդան Պետրոսյանի դատական նիստին» վերնագրով:

ՀՀ ռազմական ոստիկանության նախկին պետ Արամ Տեր-Սահակյանն արձագանքել է հրապարկված նյութին: Նրա նամակը, ուղղված խմբագրությանը, ներկայացնում ենք ստորև.

«Պատասխանելով Armlur.am կայքում հրապարակված «Ի՞նչ էր անում ռազմական ոստիկանության նախկին պետը Վարդան Պետրոսյանիդատական նիստին»  հոդվածի հարցադրմանը, հայտնում եմ հետեւյալը.

1. Վարդան Պետրոսյանը իմ եղբայրն է, հորաքրոջս որդին, եւ բնական է, որ ինձ չէր կարող անտարբեր թողնել նրա ճակատագիրը: Ընդ որում, ես ներկա եմ եղել դատավարության գրեթե բոլոր նիստերին, եւ եթե ձեր թղթակիցը սկանդալ որոնելու փոխարեն պատշաճ ներկայանար որպես լրագրող, ապա կստանար այս եւ մյուս հարցերի պատասխանները:

2. Դատարանի դահլիճում Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կարող էր նստած լինել ցանկացած ուրիշ մարդ: Վերջինիս ճանաչում եմ հեռակա կարգով, որպես քաղաքական գործիչ, ցավոք առիթ չի եղել անձամբ ծանոթանալու։

3. Ինչ վերաբերվում է աշխատանքից ազատմանը, իսկապես, 2011 թվականին ես ազատվել եմ աշխատանքից, սակայն իմ դիմումի համաձայն: Ձեր թերթում նշված պատճառները, թե իբր «չի հաճախում աշխատանքի, ամեն օր քեֆ-ուրախության մեջ է», չեն համապատասխանում իրականությանը: Այսպիսի ձեւակերպում ընդհանրապես գոյություն չունի: Դուք պարտավոր էիք համապատասխան մարմնից ստանալ հիմնավոր փաստաթուղթ, կամ նշել տեղեկատվության հստակ աղբյուրը:

Հարգանքով,

գնդապետ Արամ Տեր-Սահակյան»:




Լրահոս