ԵԽ հանձնաժողովն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը ընդունեց իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ:

«Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, դիմում են անդամ երկրներին ընդունել ցեղասպանությունը՝ կոչ անելով նրանց և ԵՄ ինստիտուտներին սատարել դրա ճանաչմանը»,- բացատրում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան (ՀԵԲ, www.eufoa.org):

Դեռ ավելին, հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում իրավապաշտպաններին և ամբողջ աշխարհում քաղաքական դրդապատճառներով բանտարկված մարդկանց: Զեկույցը խորհուրդ է տալիս ԵՄ-ին զգոնություն ցուցաբերել այս հարցի և մարդու իրավունքների խնդրին առնչվող այլ թեմաների նկատմամբ՝ երրորդ երկրների հետ համագործակցություն հաստատելիս: Այն կոչ է անում մարդու իրավունքների հարցերն առավել համակարգված բարձրացնել՝ ներառյալ Սախարովի մրցանակի դափնեկիրների և թեկնածուների գործերը, հատկապես եվրոպացի պաշտոնյաների՝ երրորդ երկրներ այցելություն կատարելիս:

Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը զեկույցում ներառել է մի քանի պարբերություն, որոնք անմիջական առնչություն ունեն Հայաստանի հետ: Առաջին հերթին, հանձնաժողովը հայտարարել է, որ ցեղասպանությունների ժխտումը և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ժխտումը պետք է դատապարտվեն և որակել է դրանք որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղղակի խախտում: Հանձնաժողովը նաև ընդունել է հայերի, եզդիների և տարբեր ազգային փոքրամասնությունների հանդեպ Իսլամական պետության կողմից իրականացվող հետապնդումներն ընդգծող հավելված՝ կոչ անելով ԵՄ-ին և անդամ պետություններին երաշխավորել նրանց ազատությունը:

«Հպարտ եմ նշել, որ մեզ հաջողվեց նպաստել նման կարևոր հարցերի շուրջ իրազեկման բարձրացմանը, և որ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը ընդունում է, որ այս թեմաները պետք է կազմեն մարդու իրավունքների և ժողովրդավարության ԵՄ քաղաքականության անբաժանելի մաս»,- հավելեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը:

Տեքստը կհրապարակվի Եվրախորհրդարանի կողմից եկող շաբաթների ընթացքում և քվեարկության կդրվի հաջորդ լիագումար նիստին:




Լրահոս