Մեր բեմերին պակասում են երեւակայությունն ու ճաշակը. Ֆրիդա Յորք (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում պրեմիերա էր. Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքը ներկայացնում էին Ավո Խալաթյանն ու Ֆրիդա Յորքը: Վերջինիս հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է նոր ներկայացման մասին, Յորքն անդրադարձել է հայկական բեմի տված հնարավորություններին, խոսել ռուսական շուկային ինտեգրվելու եւ այլ թեմաների շուրջ:

340251

-Նշել եք, որ «Երկնագույն շան աչքերը» երկար ժամանակ «հանգիստ չի տվել» Ձեզ: Այս ստեղծագործության մեջ հատկապես ի՞նչն էր տպավորվել, եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց Մարկեսի գործը:

-Առհասարակ, Մարկեսն իմ սիրելի հեղինակներից է, եւ երբ առաջին անգամ կարդացի այս ստեղծագործությունը, այնպիսի զգացողություն ունեի, կարծես այն իմը լիներ…Անմիջապես հասկացա, որ մի օր բեմադրելու եմ այն: Այստեղ մենք տեսնում ենք միշտ արդիական մարդկային փոխհարաբերություններ, կին-տղամարդ հավերժական բախում: Սա մի ստեղծագործություն է, որում բախվում են երազն ու իրականությունը:

-Այս ներկայացման մեջ Դուք միավորել եք պլաստիկան եւ խոսքը: Նման փորձ այսօր հայկական թատրոններում հազվադեպ է արվում: Ո՞րն էր այդ պրոցեսի բարդությունը:

-Կարծում եմ՝ այսօրվա դերասանը պարտավոր է տիրապետել ոչ միայն խոսքի արվեստին, այլ նաեւ՝ սեփական մարմնին, նա պետք է ճանաչի իրեն: Այս կերպ, ինչ խոսք, ավելի է բարդանում դերասանի աշխատանքը, բայց, միեւնույն ժամանակ, առավել ազդեցիկ է դառնում ասելիքը: Սա մի ժանր է, որն իմն եմ համարում: Շարժումը մի բան է, որ ըմբռնելի է ամենքի համար, այն սահմաններ չունի եւ ավելին է, քան խոսքը:

391198

Ի՞նչը կարող է ավելի ազդեցիկ լինել մի տեսարանից, որում դերասանի միտքը, երեւակայությունը, հոգին, խոսքն ու մարմինը միասին են. սա մի խելագար սինթեզ է… Իսկ երբ կողքիդ էլ ունես պրոֆեսիոնալ խաղընկեր, որը, ինչպես մեր մի շարք դերասաններ, չի փորձում խանգարել քեզ, որպեսզի քեզանից լավը երեւա, այլ ամեն վայրկյան հավատում է քեզ, բոլոր դժվարությունները հաղթահարվում են:

-Դժվար չէ՞ միաժամանակ լինել ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ դերասան, հատկապես, երբ այս ներկայացման պարագայում նկարչական ձեւավորումից մինչեւ երաժշտական եւ պարային լուծումներ Ձերն էին…

-Գիտեք՝ երբ չունես այն նկարչին, որը կես խոսքից կհասկանա քեզ, կզգա, թե ինչ ես ուզում, ավելի լավ է՝ ինքդ անես այդ աշխատանքը: Անձամբ ես վստահում եմ իմ ճաշակին:

-Գիտենք, որ այսպես ասած՝ էքստրեմալ թատրոնի սիրահար եք: Այդ «էքստրիմի» առումով հայկական բեմերը, կարծես, այնքան էլ մեծ հնարավորություններ չեն տալիս. որտե՞ղ եք սպառում Ձեր էներգիան:

-Հայաստանյան բեմերը շատ լայն հնարավորություններ ունեն: Միտքը, երեւակայությունն ու ճաշակն է պակասում մեր բեմերին: Իսկ էներգիաս սպառում եմ ինձ ավելի լավ ճանաչելու փորձերում: Ինքս ձգտում եմ ավելի կատարելագործել պլաստիկաս, խոսքս:

1367181539_frida-erk

-Դուք բեմում պատրաստ եք դիմել բավական համարձակ քայլերի. դրա վառ ապացույցն է «Ստրիպտիզ» մոնոներկայացումը: Որոշ թատրոնների ղեկավարներ այն կոչեցին ֆեստիվալային: Ըստ Ձեզ՝ սա կարծրացած մտածելակերպի արդյո՞ւնք է, թե՞ ուրիշ մի բան:

-Ես սովորել եմ լսել կարծիքներ եւ ծայրահեղությունների մեջ չընկնել: Կարծիքներն, իհարկե, կարեւոր են, բայց ստեղծագործողի՝ ինչ-որ բան ստեղծելու ցանկությունն ավելի զորեղ է: Գուցե ներկայացումը համարվել է ֆեստիվալային այն պատճառով, որ շրջագայության շրջանակում այն քիչ ծախսատար է…

-Ձեր ամուսինը՝ կինոռեժիսոր Արման Գեւորգյանը, փոխեց Ձեր անունը՝ կնքելով Յորք: Է՞լ ինչ է փոխել նա այս անգամ Ձեր կարիերայում, ստեղծագործական կյանքում: Քանի որ նա աշխատում է ռուսական շուկայի համար, Ձեզ դրան ինտեգրելու փորձեր անո՞ւմ է:

340250

-Դրսում աշխատելիս այդ անվան անհրաժեշտությունը զգացվեց, եւ կնքվեցի Յորք՝ զուտ անվանս գեղեցիկ հնչողություն հաղորդելու համար: Ինչ վերաբերում է ռուսական շուկային, ապա ես փոքրիշատե ինտեգրվել եմ դրան, արդեն նկարահանվել եմ ռուսական արտադրության 3 ֆիլմում, 1 ռուս-հայկական նախագծում: Մարտին դարձյալ մեկնում եմ նկարահանումների, ինչ խոսք, ամուսինս ինձ շատ է օգնում:

-Եվ վերջում՝ ստեղծագործական կյանքին առնչվող ի՞նչ երազանք եք փայփայում:

-Ես կուզենայի, որ ունենայինք կենդանի թատրոն, իսկ դրա համար պետք է չվախենալ ստեղծագործելուց, հարկավոր է շարունակ էքսպերիմենտների դիմել: Ես չգիտեմ՝ ինչպիսին կլինի թատրոնը վաղը, բայց ես իմ մեջ ունեմ իմ երազանքների թատրոնը, դեպի ուր շարունակելու եմ քայլել…

Աննա Բաբաջանյան




Լրահոս