ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է Ի ՎՆԱՍ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտության մեկնարկից անցել է հինգ օր, եւ ինչպես ենթադրվում էր, իրադարձությունները զարգանում են շատ արագ: Սերժ Սարգսյանը խոստացվածի համաձայն՝ այս ընթացքում Գագիկ Ծառուկյանին հանեց ՀՀ նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի կազմից: Այնուհետեւ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խնամուն` Գագիկ Ծառուկյանին, ազատեց Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Ներկայումս ընթացքի մեջ է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նամակ է ուղարկել ԱԺ ԲՀԿ խմբակցությանը` պահանջելով Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել: Ակնհայտ է, որ անկախ նրանից, թե ինչ պատասխան կտա ԲՀԿ-ն այդ գրությանը, երբ այն ԱԺ նախագահի տրամադրության տակ կլինի, նրան այլեւս ոչինչ չի խանգարի Գագիկ Ծառուկյանի բացակայությունները ճանաչել անհարգելի եւ արձանագրություն կազմել ու ուղարկել ԿԸՀ՝ ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիզորությունները դադարեցնելու մասին: Ի դեպ, ստեղծված իրավիճակը, որտեղ ԱԺ նախագահը կարող է բացակայությունների հիմքով պատգամավորին զրկել մանդատից, ստեղծվել է այն պարզ պատճառով, որ ՍԴ-ն 2013-ի ապրիլի 16-ին կայացրած որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 99-րդ հոդվածր 4-ից 8-րդ կետերը, որոնք վերաբերում էին պատգամավորի մանդատից զրկելուն` մեկ նստաշրջանի կեսից ավել քվեարկություններին անհարգելի բացակայության հիմքով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ հրահանգել է ստուգել Գագիկ Ծառուկյանի բիզնեսները, եւ այս փաստը Կառավարությունում չեն հերքում: Մյուս կողմից ակնհայտ է, որ ՀՀ ոստիկանությանը եւ ազգային անվտանգության ծառայությանը եւս հրահանգված է զբաղվել Գագիկ Ծառուկյանով եւ նրա շրջապատով: Անցած օրերին երկու ԲՀԿ-ական պատգամավորներ` Արագած Ախոյանը եւ Կարո Կարապետյանը, հայտարարել են ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Ենթադրվում է, որ առաջիկայում այլ ԲՀԿ-ականներ եւս կհայտարարեն իրենց՝ խմբակցությունից դուրս գալու եւ Սերժ Սարգսյանին հավատարիմ մնալու մասին (Հարություն Ղարագյոզյան, Մելիք Մանուկյան, Արշակ Մխիթարյան, Գրիգորի Մարգարյան, Արա Արամյան, Տիգրան Ստեփանյան եւ այլք համարվում են պոտենցիալ հեռացողներ):
Անցած օրերին նախ՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին` ընդունելով նրա մարտահրավերը: ԲՀԿ առաջնորդի ելույթի տեքստն իր բովանդակությամբ հաստատապես ավելի լավն էր, քան Սերժ Սարգսյանի խոսքը: Սակայն այդպես էլ անհասկանալի մնաց այն փաստը, թե ինչու ելույթը գրավոր տարբերակով տարածվեց, եւ տեսագրությունն այդպես էլ շրջանառության մեջ չդրվեց:
Չնայած՝ ԲՀԿ առաջնորդն իրեն հայտարարված մարտահրավերն ընդունեց, սակայն կոնկրետ գործողության` փետրվարի 20-ին հանրահավաք հրավիրելու մասին, հայտարարվեց միայն փետրվարի 15-ին` հակամարտության մեկնարկից երեք օր անց:
Ի դեպ, երբ փետրվարի 13-ին տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդների հանդիպումը, եւ դրանից հետո կոնկրետ գործողության մասին չհայտարարվեց, այդ փաստը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Այդ փաստն անուղղակի հաստատեց այն լուրերը, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդի առջեւ պայման է դրել, որ նա հրապարակային հայտարարի, որ ինքը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո նրա նախորդը չի վերադառնա իշխանության: Այսինքն՝ մի կողմից Սարգսյանը, մյուս կողմից էլ Տեր-Պետրոսյանն են ճնշում Ծառուկյանին: Իսկ այն փաստը, որ փետրվարի 15-ին հայտարարվեց հինգ օրից հանրահավաք հրավիրելու մասին, ենթադրում է, որ Գագիկ Ծառուկյանը ՀԱԿ առաջնորդին հավաստիացրել է, որ իրենց նախաձեռնած պայքարի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա իշխանության: Մնում է, որ այդ մասին հայտարարությունն անի: Սակայն ՀԱԿ անդամ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հերքեց այս լուրը:
Այս տեսանկյունից ուշագրավ էր Ռոբերտ Քոչարյանի գնահատականները Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որոնք նա տարածեց իր ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի միջոցով: Մինչ այդ հիմնական հարցն այն էր՝ արդյո՞ք Քոչարյանը կհայտարարի իր ստեղծած կուսակցության եւ օլիգարխին սատարելու մասին: Ենթադրվում էր, որ Քոչարյանի սատարելու դեպքում այդ փաստը կնպաստեր, որ իշխանական բուրգի որոշ ներկայացուցիչներ, հիմնականում նրան հավատարիմ կադրերը, եւս կանգնեին Գագիկ Ծառուկյանի կողքին: Սակայն Ռոբերտ Քոչարյանը, չնայած Սերժ Սարգսյանի քայլը գնահատել է իր համար անհասկանալի եւ երկիրը խորը եւ երկարատեւ ճգնաժամի տանող, բայց, միեւնույն է, չհայտարարեց իր «հոգեզավակին» սատարելու մասին:
Այսօր արդեն ակնհայտ է, որ ժամանակն աշխատում է ի վնաս Գագիկ Ծառուկյանի: Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելուն ուղղված նրա քայլերը որքան ուշանան, այնքան կնվազի դրանց իրագործելիության հնարավորությունը: Մյուս կողմից՝ որքան երկար ժամանակ անցնի, այնքան Սերժ Սարգսյանն ավելի շատ հարվածներ կհասցնի Գագիկ Ծառուկյանին եւ նրա թիմին՝ դարձնելով ավելի խոցելի:
Ի դեպ, երեկ Երեւան ժամանեց «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ըստ լուրերի՝ Ծառուկյանին ու Սարգսյանին բարիշեցնելու նպատակով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Կենտրոն վարչական շրջանում աղբահանություն իրականացնող լիբանանյան «Սանիտեք» ընկերության նախկին աշխատակիցները երեկ բողոքի ակցիա անցկացրին Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են իրենց վերջնահաշվարկի գումարները: Ընկերության նախկին աշխատակիցներից մի քանիսը հանդիպեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որից հետո նա փոխքաղաքապետ Կամո Արեյանին հրահանգել է 2 ամսվա ընթացքում լուծել խնդիրը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին աշխատակիցներն անակնկալ տեղեկացել էին, որ ազատված են աշխատանքից:

 

ԱԶԱՏԵԼ, ՉԵՆ ԱՍԵԼ ԻՆՉՈՒ
Ամիսներ առաջ ՀՀ Կոտայքի փոխմարզպետ նշանակված Կարեն Պապոյանն անցած ուրբաթ ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն անսպասելի կերպով Պապոյանին կանչել է իր աշխատասենյակ եւ հրահանգել ազատման դիմում գրել: Փոխմարզպետն էլ առանց առարկելու կատարել է նրա հրահանգը: Մինչդեռ Պապոյանը համարվում էր Հարությունյանի աջ ձեռքը, երկար տարիներ աշխատում էր բնապահպանության նախարարությունում նաեւ նախարարի խորհրդական: Պապոյանի փոխարեն Կոտայքի փոխմարզպետ է նշանակվել «Երկրապահ» կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Կ. Պապոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր ազատումն առողջական խնդիրներով պայմանավորեց: Սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի եւ Կարեն Պապոյանի անունները կապվում են բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ, ձերբակալված Ա. Լաբլաջյանի գործի հետ: Ինքը՝ Պապոյանը, կտրականապես հերքեց իր կապը այդ գործի հետ:

 

ԹՌՆԵԼ ԹԵ ՄՆԱԼ
ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծամասնությունը չգիտի, թե «ինչ է լինելու իր վերջը»: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր մի քանի հավատարիմներով հավաքվում եւ ինչ-որ քաղաքական որոշումներ է կայացնում՝ պատգամավորներին հաղորդակից չդարձնելով այդ որոշումներին: Ու քանի որ ԲՀԿ-ում կան մի շարք պատգամավորներ, 2006-ին ՕԵԿ-ից են գաղթել, նրանց համար կրկնակի ծանր կացություն է: Այն ժամանակ Արթուր Բաղդասարյանը երկու հոգու հետ որոշեց ընդդիմություն դառնալ՝ փաստի առաջ կանգնեցնելով, հիմա էլ Ծառուկյանն է նույնն անում: Ու երեկ արդեն Արագած Ախոյանը եւ Կարո Կարապետյանը հայտարարել են ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Բայց ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2009-ի հունիսի 30-ին կայացրած որոշման համաձայն՝ համամասնական ընտրակարգով մանդատ ստացած պատգամավորները, եթե համամասնական ցուցակի առաջին երեք համարներում չեն եղել, խմբակցությունից դուրս գալու դեպքում պետք է զրկվեն իրենց մանդատներից: Սակայն ԲՀԿ-ն լքած պատգամավորները չեն պատրաստվում վայր դնել իրենց մանդատները:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հանդես է եկել Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը դատապարտող հայտարարությամբ. «Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետեւանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին: Մեր ցավակցությունը եւ զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»,- ասված է հայտարարությունում։

 

ԼՈՒՐՋ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրենք լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանի նախագահի ու պաշտոնատար այլ անձանց հետ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելու հետ: Ուորլիքը հավելել է, որ դա օգտակար կլինի բոլորի համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Բաքվից կժամանեն Երեւան, ապա կմեկնեն Ստեփանակերտ:

 

ԹԱԿԱՐԴՆԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասել է, որ անգամ թվացյալ խաղաղասիրական այդ հարցազրույցում են թակարդներ լարված Գագիկ Ծառուկյանի համար: «Անկեղծ ասած՝ զարմացա, երբ ընթերցեցի: Գագիկ Ծառուկյանին այսպիսի իրավիճակի հրահրելուց հետո խաղաղասիրության եւ սահմանադրականության մասին կոչերը որքանո՞վ են տեղին»:

 

ՀԱՅԱՑՎԱԾ ԹՈՒՐՔ
Ինչպես տեղեկացնում է թուրքական Oda TV-ն, ազգությամբ հայ Սարգիս Քըսաօհանյանը Փերինչեքի ղեկավարած Աշխատավորական կուսակցության ղեկավարման խորհրդում պաշտոն է ստացել: Քըսաօհանյանը Փերինչեքի կուսակցությանն անդամակցել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ Անթալիայի երիտթեւից հրաժարական տալուց հետո:

 

ԱՅՍՔԱ՞Ն ԷԼ ԳԱՂՋ
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, հետեւյալ գրառումն է արել իր համացանցային էջում.«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիայի վարչապետ Չերչիլը արտգործնախարար Էնտոնի Իդենի հետ ռադիոյով լսում է Գերմանիայի նախարար Գեբբելսի հերթական ճառերից մեկը: Իր ճառը Գեբբելսը ավարտում է «…եւ օգնիր Աստված Գերմանիային…» խոսքերով: Չերչիլը ասում է Իդենին. «…անմիջապես անջատե՛ք ռադիոընդունիչը: Ես չեմ կարող լսել, թե ինչպես է այդ սրիկան դիմում Աստծուն…»: Մոտավորապես նույն զգացողություն է մոտս, երբ լսում եմ «… ձերբակալությունները ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը եւ երկարատեւ ճգնաժամի…» միտքը մի մարդուց, որը միայն 2008 թվականի մարտի մեկին գնդակահարված 10 ՄԱՐԴՈւ եւ հարյուրավոր այլոց ձերբակալության ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւՆ է…ԱՅՍՔԱ՞Ն ԷԼ ԳԱՂՋ:




Լրահոս