Ինչպես երեկ` մարտի 12-ին, տեղեկացրել էինք, այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պետք է հանդիպեին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:
Armlur.am-ին համակարգող խմբի անդամ, գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ հանդիպումը տեղի է ունեցել, սակայն որևէ նոր բան չի ասել: «Պարոն Զախարյանը շարունակում է պնդել, որ մեր աշխատավարձի պարտքի մարումը տեղի կունենա կա´մ գույքի վաճառքից հետո, կա´մ միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, որի արդյունքում «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը կվերադարձվեն ՀՀ-ին, և ամբողջ գույքը գրավից կհանվի»,- ասաց նա և հավելեց, որ երկու տարբերակներում էլ փոքր առաջընթաց կա:
«Գույքի վաճառքի համար դիմել են արդեն երեք կազմակերպության, նրանց հետ բանակցութուններ են վարում: Իսկ միջպետական բանկի հետ հարաբերություններում, իրենց ասելով, առաջընթաց է գրանցվել: Նրանց խոսքով` նույնիսկ կարող է մեկ ամսվա ընթացքում ամբողջ հարցը լուծվի»,- ավելացրեց նա:
Ա. Հարությունյանի փոխանցմամբ` նույնիսկ մեկ ամսվա աշխատավարձ չեն պատրաստվում վճարել: «Սպասում են մինչև հարցի վերջնական լուծումը: Թե ինչքան պետք է սպասենք, Երվանդ Զախարյանն ասել չի կարող, խոստանալ չի կարող, ժամանակացույց տրամադրել չի կարող: Որևէ աշխատավարձի վճարում տեղի չի ունենա, մինչև հարցի վերջնական լուծում»,- փոխանցեց համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Իսկ գործարանի աշխատակիցներից Արմեն Դեմիրճյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առանձնապես հույս չուներ նախարարի հետ հանդիպումից:
Հիշեցնենք, որ, ըստ նախնական պայմանավորվածության` նաիրիտցիները ամեն շաբաթվա երեքշաբթի և հինգաշբթի օրերին կհավաքվեն Կառավարության շենքի դիմաց: