«Ժողովուրդ»-ը Գորիսի Տեղ գյուղի մի խումբ բնակիչներից նամակ է ստացել, որտեղ գյուղացիները խնդրում են իրենց փրկել «օրենքի մարդուց»: Նամակագիրները նշում են, որ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատար, փոխգնդապետ Արամ Գալստյանը ահաբեկում է գյուղացիներին՝ ստիպելով համայնքապետ ընտրել իր հորեղբորը՝ Սաղաթել Գալստյանին:
Նամակում մասնավորապես ասվում է. «Ինչպես ՀՀ մի շարք գյուղերում, այնպես էլ Գորիսի շրջանի Տեղ գյուղում սպասվում են ընտրություններ: Դարեր շարունակ Տեղ գյուղը եղել է հերոսական գյուղ, նույնիսկ պատերազմի ժամանակ թուրքը չի կարողացել ոտք դնի այնտեղ: Սակայն այսօրվա մեր 68-ամյա համայնքապետը գյուղը տանում է դեպի կործանում»:
«Վաղ առավոտից նրա ուշադրության կենտրոնում միայն ալկոհոլն է, ինչի պատճառով գյուղապետարանի աշխատողները գտնվում են պառակտված վիճակում: Գյուղապետ Սաղաթել Գալստյանի եղբոր տղան, որն աշխատում է Սյունիքի եւ Վայոց Ձորի ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատար, մարդկանց մեկ առ մեկ ահաբեկում է: Արամ Գալստյանը, ով չի ծնվել Տեղ գյուղում եւ չի ճանաչում համայնքից որեւէ մեկին, գյուղում ունի սեփական հողեր, անասնագոմ եւ այլն: Նա իր պետական աշխատանքի մասին մոռանալով, մտնում է համայնք եւ սպառնում մարդկանց՝ եթե իմ հորեղբորը չընտրեք, կզրկեմ նույնիսկ վարորդական իրավունքից»,-նշում են նամակագիրները:
Գյուղացիները հավելում են, որ «Վարորդները խուճապի մեջ են, քանի որ շաբաթը 2-3 անգամ Գալաստյանը կանչում է մարդկանց իր մոտ ու հիշեցնում ընտրությունների մասին: Այդ պատճառով խափանվում են սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները: Վերջերս էլ 25-30 երիտասարդի, իբրեւ լավություն, քվեի դիմաց 180.000 դրամով դասավորել է, որ վարորդական իրավունքի վկայական ստանան: Գալստյան Արամը գյուղում այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ նույնիսկ մարդիկ լքում են գյուղը: Մենք «Ժողովուրդ»-ից խնդրում ենք փրկեք գյուղացիներին նման ոստիկանից»,- եզրափակում են Տեղի բնակիչները:
«Ժողովուրդ»-ը փորձեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից պարզաբանումներ ստանալ, թե ինչու է Գալաստյանը ահաբեկում Տեղ գյուղի բնակիչներին: Սակայն ՀԿԼ վարչությունից հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ Գալստյանը պարտաճանաչորեն իր ծառայողական պարտականություններն է կատարում եւ իրականում նման բան չկա: Բնականաբար, ոստիկանությունն այլ պատասխան չէր էլ կարող տալ:
Հիշեցնենք, որ Տեղ գյուղը համարվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայրը:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ