Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում շուրջ երկու տասնյակ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին: Ողջունելով դեսպաններին, ԱԳ նախարարը նշեց, որ այս տարի նշվում է ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակը և այս տարիներին Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերել կազմակերպության գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում և նպաստել կառույցի արդյունավետության եւ հեղինակության բարձրացմանը:
Նախարար Նալբանդյանը հավելեց, որ առավել քան տասը տարի գործող ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:
Դեսպանների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումները, տարածաշրջանային հակամարտությունների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկումները կշարունակվեն նաև վաղը: