ԱԹՈՌԱԿՌԻՎ ԵՊՀ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցած ուսխորհրդի նախագահի ընտրությունները վերածվել են աթոռակռվի, ինչի արդյունքում թեկնածուներից մեկը սպառնացել է ընտրության մասնակիցներին` ասելով՝ «դեռ կտեսնեք»:
Սեպտեմբերի 4-ին կայացավ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը: Նշենք, որ նախկին նախագահ Ցոլակ Ակոբյանի լիազորությունները դադարեցվել էին, այդ իսկ պատճառով անցկացվեցին նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններ: Որոշ ժամանակ հետո կանցկացվեն  նաեւ ուսխորհրդի նախագահի ընտրություններ: Իսկ նախօրեի ընտրությանը մասնակցել են 2 թեկնածու՝ անկուսակցական Ռաֆայել Քարամյանը եւ ՀՀԿ անդամ Հարություն Ազգալդյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝  Հ. Ազգալդյանը հայտարարել է, որ դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին՝ կուսակցական տոմսը հանձնելով տարածքային գրասենյակ: Այսպիսով` նա մասնակցել է ընտրությանը` ուսխորհրդի նախագահի աթոռը փաստացի վեր դասելով  հարազատ կուսակցությունից: Ստացվում է, որ որոշ դեպքերում ՀՀԿ անդամ լինելը նաեւ խանգարում է: Ամեն դեպքում, կուսակցությունից դուրս գալը չի օգնել Ազգալդյանին հաղթանակ տանել, քանի որ անկուսակցական Քարամյանը կրկնակի շատ ձայներ է հավաքել եւ ընտրվել ԵՊՀ ուսխորհրդի նախագահ: Հետաքրքիր է, թե հանրապետականներն ինչպես են վերաբերվում հանուն պաշտոնի կուսակցությունը լքածներին:
Ինչեւէ,  կրած պարտությունից  զայրացած Հ. Ազգալդյանը հայտարարել է, թե իրեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է ասել, որ պայքարի եւ ընտրվի ուսխորհրդի նախագահ: Իսկ անհաջողությունից հետո նա սպառնացել է բոլորին` ասելով՝ «դեռ կտեսնեք»:  Նշենք, որ նորընտիր Ռաֆիկ Քարամյանը ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է եւ եղել է ուսխորհրդի նախկին նախագահի տեղակալը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի  ընտրություններն ամեն կերպ փորձել են կեղծել: «ԵՊՀ ղեկավարությունը զոռով նախագահ է դարձնում Ռաֆիկ Քարամյանին, ինչն անարդարացի է ու խարդախ ճանապարհով է արվում»,-ասաց «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած ուսանողուհին, որը չցանկացավ ներկայանալ՝ պատճառաբանելով, թե իր հետ էլ կսկսեն «լարվել»:
Իսկ ԵՊՀ լրատվության բաժնի պատասխանատու Կարեն Գրիգորյանը նախ զարմացավ հնչող դժգոհություններից, ապա նշեց, որ այդ ամենը դատարկաբանություն է. «Չեմ կարծում, թե դա այնպիսի հարց է, որ աղմուկ են բարձրացրել, դա ի՞նչ մի պրոցես է, որ զոռով են անցկացնելու: Նման բան չկա, ամեն ինչ արվել ու արվում է արդար կերպով»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս