«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանի փակման եւ այնտեղ տարիներ շարունակ գրանցված խաբեբայությանը, ասաց, որ առողջապահության նախարարությունը պատրաստ է սատարելու այն դիմումը, որը կուղարկվի իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք` մարտի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանը փակվել էր, եւ, բնականաբար, փակվել էր նաեւ Վարդենիսի մասնաճյուղը, ինչի արդյունքում ուսանողները հայտնվել էին անելանելի վիճակում:
Պարզել էինք, որ մինչ 2013թ ուսումնական հաստատությունները գտնվել էին ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ, իսկ, ահա, 2014 ընթացքում օրենքի փոփոխության արդյունքում վերջիններս հանձնվել էին կրթության եւ գիտության նախարարության ենթակայությանը: ԿԳՆ-ն էլ ստուգումներ էր իրականացրել եւ պարզել էր, որ լիցենզիան չի համապատասխանում նախանշված նորմերին, եւ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ զբաղվել են խաբեբայությամբ, ծնողներից գումարներ են շորթել՝ իրականում կրթություն չապահովելով ուսանողների համար: Հիմա այնտեղ ընդունված ուսանողները մնացել են դրսում, իսկ շրջանավարտների դիպլոմները պարզ չէ, թե ինչ արժեք ունեն:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, չնայած մինչ Ձեր նախարար նշանակվելը ուսումնական հաստատությունները հանձնված են եղել կրթության եւ գիտության նախարարությանը, այնուամենայնիվ, ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ապագա բժիշկների մասնագիտացված ուսումնարանում նման խաբեբայություն են թույլ տվել:
– Եթե Դուք խաբեբայության խնդիր եք գրացնել, ապա կարծում եմ, որ պետք է դիմեք իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա սա հատուկ ուշադրության կենտրունում գտնվող հարց է, եւ այսօր օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը, որտեղ կրեդիտային համակարգ ներդնելու մասին քննարկումներ են սկսվել: Մենք մեր հավանությունը տվել ենք այդ մոտեցմանը: Իսկ ինչ վերաբերվում է այսօր համակարգում գործող բժիշկներին, ապա կարծում եմ, որ մենք որակավորման մեկ ընդհանուր միասնական ձեւ պետք է ունենանք, որով կրեդիտային համակարգը ներդնելուց հետո կարողանանք թույլատրել բժշկական գործունեության իրավունքը:
-Դուք խոսում եք ապագայի գեղեցիկ պլաններից, իմ հարցը վերաբերում է կոնկրետ մի բժշկական ուսումնարանի, 16 տարի է՝ գործել է, եւ ոչ մեկի հայտնի չէ, թե ինչ մասնագետներ է պատրաստել: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանն էլ ասել էր, որ այնտեղ խաբեությամբ են զբաղվել, կրթություն չի եղել: Եթե Դուք Ձեզ համարում եք մտահոգ նախարար, չե՞ք պատրաստվում մարզերում գոնե մասնագետների վերապատրաստման գործընթաց սկսել:
-Կրկնում եմ՝ եթե խաբեբայության կամ որեւիցե իրավախախտ փաստ եք արձանագրել եւ տվյալներ ունեք, Դուք կարող եք դիմել իրավապահ մարմիններին: Իսկ ես Ձեզ կարող եմ հավաստիացնել, որ մենք անպայման կսատարենք այդ դիմումին:
-Մենք արդեն բարձրաձայնել ենք խնդիրը, որ տարիներ շարունակ ինչ-ինչ մարդկանց հետաքրքրությունների արդյունքում նման իրավիճակ է ստեղծվել: Դուք՝ որպես նախախար, պատրաստ ե՞ք պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել բոլոր այն նախկին նախարարների նկատմամբ, որոնք օժանդակել են, որպեսզի մարզերում ապօրինի ուսումնական հաստատություն գործի, որն էլ անակնկալ փակվեց՝ փաստի առաջ կանգնեցնելով ուսանողներին:
-Ես չեմ ուզում հարցը կապել անձերի հետ, անձամբ նախարարների հետ: Նախարարությունը մի ամբողջ կառույց է` իր ինստիտուտներով, իրավաբանական վարչությամբ, փոխնախարարներով: Անձի խնդիրը չի, որ Դուք անընդհատ փորձում եք անձնական դաշտ անցկացնել:
-Բայց նախարարության բացթողումների համար պատասխանատու է նախարարը: Նա պետք է վերահսկողություն իրականացնի, հանձնարարականները տա, որպեսզի ոլորտում իրավիճակը կանոնակարգված լինի: Իսկ եթե մի բան այն չէ, ապա նշանակում է, որ նախարարը տեղում չէ:
-Համոզված Ձեզ ասում եմ՝ եթե որեւիցե իրավախախտ դեպք արձանագրում եք, Դուք մեզ շատ կօգնեք, եթե այն վրիպել է մեր ուշադրությունից, ապա մենք շատ արագ կարձագանքենք, եւ հավաստիացնում եմ, որ արդյունքների մասին Դուք շատ արագ տեղեկացված կլինեք:
-Հիմա եթե նույնիսկ մենք մեր պարտականություններից չբխող այդ գործառույթը իրականացնենք, դրանից ի՞նչ է փոխվելու այն ուսանողների կյանքում, ովքեր ընդունվել էին: Այս պատմության մեջ ամենավատ վիճակում հայտնվել են ուսանողները, որոնք տարիներ շարունակ խաբված լիենելով՝ մի թղթի կտոր են ստացել: Ձեզ չի՞ մտահոգում այդ երեխաների ճակատագիրը:
-Եթե խոսքը ուսանողների մասին է, Դուք պետք է ըստ գերատեսչության հարցը ուղղեք: Իսկ ինչ վերաբերում է բժշկական մասնագիտություններին եւ նրանց որակավորմանը, ապա ես նշեցի, որ մենք Ազգային ժողովի նախաձեռնությանը սատարում ենք եւ մասնակցել ենք քննարկումներին: Կարծում եմ, որ միասնական ձեւ պետք է լինի, որ այն մասնագետները, որոնք կհավաքեն անհրաժեշտ կրեդիտներ եւ կունենան համապատասխան թույլատվություն, ապա նրանք պետք է աշխատեն դաշտում: Մասնագետների որակավորումը թերագնահատելը անհնարին է յուրաքանչյուր համակարգում, առավելեւս՝ բժշկական ոլորտում:
Զրուցեց Քնար Մանուկյանը