ՀՀ կառավարության նախորդ երեք ծրագրերը մշակվել են` հաշվի առնելով “Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի” դրույթները: Գործող ծրագրում, սակայն, այդ ռազմավարության մասին այլեւս խոսք չկա: Հավանաբար կառավարությունում համարել են, որ իրենք այլեւս լուծել են Հայաստանում աղքատության հաղթահարման հարցը: Նկատենք,որ 2003թ.-ին լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության ընդունած այդ ռազմավարությունը որոշ չափով այնուամենայնիվ կյանքի կոչվեց, քանի որ 2008 թ-ին հաջողվեց Հայաստանում աղքատության ցուցանիշը զգալիորեն նվազեցնել: Թե ինչ եղավ դրանից հետո, հայտնի է բոլորին: Ու չնայած ՀՀ ֆինանսների երիտասարդ փոխնախարար / ի դեպ, ինչ-որ վերջերս չափազանց երիտասարդ են մեր փոխնախարարները/ Վարդան Արամյանն ամեն կերպ փորձում է համոզել, որ իրականում անցած հինգ տարիներին աղքատությունը մեր երկրում աճել է ոչ թե 12, այլ ընդամենը 5 տոկոսով` դա բացատրելով միայն իրեն հայտնի ինչ-որ հաշվարկման մեթոդոլոգիայով, այդուհանդերձ, ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ներքին խնդիրը համատարած աղքատությունն է: Սակայն քանի որ վերը նշված ռազմավարությունը “հորով- մորով” էինք արել, իսկ նույն ջուրն էլ դժվար է մտնել երկրորդ անգամ, հայրենի իշխանությունները որոշել են այս անգամ էլ ներդնել “աղքատության վերացման նոր համակարգ”: Երեկ ՀՀ սոցապ նախարարն ու ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը որոշել էին ներկայացնել այդ նոր բլեֆը` ՀՀ-ում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական ծրագիրը, որի նպատակն ըստ Հակոբ Հակոբյանի.” ոչ թե օգնելն է մեղմացնել աղքատությունը, այլ քաղաքացուն օգնելը, որ ինքը կարողանա վերացնել իր իսկ աղքատությունը”: Եվ ահա այս նպատակի համար երկրի սոցիալական հարցերով զբաղվող գերատեսչությունները պատրաստվում են ներգրավել լուրջ ֆինանսական ռեսուրսներ: Ասել է թե` հերթական անգամ քամուն տալ դրսից ակնկալվող փողերը; Լավ, ինչ է նշանակում` օգնել քաղաքացուն, որ նա կարողանա վերացնել իր աղքատությունը: Դրա համար բոլորովին էլ կարիք չկա ինչ-որ նոր համակարգեր ներդնել, ամբողջ աշխարհում այդ խնդիրը լուծվում է շատ պարզ` աշխատատեղերի ստեղծման եղանակով: Բայց չէ, մերն ուրիշ է, եւ ըստ Հակոբ Հակոբյանի, պետք է այդ անհասկանալի ծրագրով . “փորձեն գտնել պատճառը, թե ինչու է մարդն աղքատ, գտնել լուծումը եւ աղքատին դարձնել հարկատու”: Այ հարգարժան պարոն հանձնաժողովի նախագահ, ով չգիտի, թե ինչու են Հայաստանում մարդիկ աղքատ, եթե լուծում ունեք` մի բան արեք, երկրի ծակ բյուջեն լցրեք, եւ ոչ թե ձեռքներդ երկարացրեք` հերթական վարկը խնդրելու ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դրանով էլ ավելի աղքատացնելու: Կամ թե` ինչ ասել է` աղքատներին դարձնենք հարկատու: Եթե կարող եք, նախ` հարուստներին դարձրեք հարկատու, դրանից հետո` էլ ձեր ոչ մի ծրագրի կամ ռազմավարության կարիքը չի լինի:
Ժողովուրդ. Ձեռառնոցի. Խմբագրական
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ