Դանիայում ՌԴ դեսպան Միխայիլ Վանինը հայտարարել է, որ այդ երկիրը կարող է դառնալ ՌԴ միջուկային հարվածների թիրախ: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Դանիան միանա ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին, Դանիայում ՌԴ դեսպանի խոսքերն է մեջբերում դանիական Jyllands Posten-ը:
«Չեմ հավատում, որ դանիացիներն ամբողջությամբ գիտակցում են այն հետևանքներն, որոնք տեղի կունենան, եթե Դանիան անդամակցի ամերիկացիների կողմից ղեկավարվող հակահրթիռային պաշտպանության համակարգին: Իսկ կլինի այն, որ դանիական ռազմանավերը կդառնան ռուսական միջուկային հրթիռների թիրախ»,- նշել է Վանինը:
Նրա խոսքերով՝ Կոպենհագենի նման քաղաքականությունը լուրջ վնաս կհասցնի ՌԴ-Դանիա հարաբերություններին, քանի որ վերջինս սպառնալիք կդառնա Մոսկվայի համար:
«Դա, իհարկե, ձեր որոշումն է, պարզապես կցանկանայի հիշեցնել, որ կկորցնեք և՛ փողը, և՛ անվտանգությունը»,- հայտնել է դիվանագետը:
Հավելենք, որ դեսպանի հայտարարությունը դանիացի քաղաքական գործիչների զայրույթն է հարուցել: