ԵՍ ԱՆԿԵՂԾ ԽՂՃՈՒՄ ԵՄ ՔԵԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«1997թ. հունվարին, երբ ես իմ ոտքով գնացի ոստիկանություն, ինձ դիմավորեցին ջերմ եւ ընկերական: Ինչպե՞ս եղավ, որ երբ քո անվտանգության պետը ոստիկանապետի հետ խոսեց, դրանից հետո ինձ համարեցին հանցագործ ու բերդ տարան: Գիտեմ, որ հիշում ես, թե այդ ժամանակ ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարն էիր, իսկ բերդի պետը քո ուսանողական ընկերն էր: Սակայն քննիչը երբ 27-րդ օրը եկավ բերդ, զարմացել էր, թե ինչու այդքան ժամանակ ինձ պատժախցում էին պահում ու բանտախուց չէին տանում:
Հարցրո՛ւ ազգային անվտանգության (ԱԱ) բարձր պաշտոնյա քո մյուս նախկին ընկերոջը, թե ով եւ ինչպես փրկեց քո կյանքը 2000թ., երբ որոշ մարդիկ ուզում էին վրեժ լուծել հոկտեմբերի 27-ի համար, որից դու մինչեւ անգամ տեղյակ չէիր: Կարող է մտածում ես՝ Արամ Սարգսյանն է փրկել, որի հետ ամեն երեկո վիսկի էիր խմում մինչեւ կեսգիշեր: Ինչո՞ւ 2001թ., երբ ես քեզ նամակ գրեցի, հաջորդ օրը քո անվտանգության պետը ոհմակով հարձակվեց ինձ վրա: Ո՞ր իրավունքով դու ինձ երեք տարի ութ ամիս պահեցիր կալանքի տակ, ու հետո պարզվեց, որ ես մեղավոր չեմ: Փոշմանե՞լ էիր: Ասա՛, ո՞վ փակեց «Երեք ուժ» թերթը 2004թ., որը ստեղծել էի այսօրվա համար: Հարցրո՛ւ ԱԱ նույն ընկերոջդ, թե ինչ ասվեց իրեն 2008թ. ընտրություններից հետո, մինչեւ Հացպանյանը կհայտարարեր, որ Քոչարյանն ուզում է քեզ սպանել ու մեղքը բարդել Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա:
Ասեմ, որ Հայաստանում Լեւոնն ու Ռոբերտն են ամենաշատն ուզում՝ կենդանի մնաս, թե ինչու, շուտով կհասկանաս: Իսկ Սարգիս Հացպանյանին ձերբակալեցին՝ չիմանալով, որ նրա ստացած ինֆորմացիայում մենակ Քոչարյանի անունն էր սխալ: Իսկ թե ով էր ուզում, եւ ինչպես կանխվեց այդ ամենը, հարցրո՛ւ ԱԱ-ին, եթե չգիտեն, հաջորդները հաստատ կպարզեն:
2008թ. օգոստոսի 4-ին անձնագիրս ԱԱ-ն վերցրեց ու մինչեւ այսօր չեն տալիս, ո՞ւմ հրամանով: Քանի՞ հանցագործություն ես կոծկել ու քանիսի՞ հետ ես վարվել այնպես, ինչպես ինձ հետ: Ո՞վ է տվել քեզ այդ իրավունքը, գուցե մտածում ես՝ 2008թ. փետրվարի 19-ի՞ն ես ամրագրել դա, թե՞ փետրվարի 21-ին՝ ավելացումներով: Ո՞վ է քեզ իրավունք տվել դրսերում Հայաստանի անունից գաղտնի փաստաթղթեր ստորագրել, ու մտածում ես, որ այդ ամենը չի՞ բացահայտվի, թե՞ մի քանի օր էլ ես իշխանությունդ ձգում:
Դու տեղյա՞կ ես՝ ով է ՆԱՏՕ-ի տերը, եւ ինչ է ուզում Հայաստանից: Քանի՞ ծանր հանցագործի ես բարձր պաշտոն տվել, եւ դրանցից քանի՞սն են մարտի 1-ին մասնակցել:
Ինչո՞ւ մարտի 1-ը չքննվեց, չէ՞ որ հանցագործությունները երկկողմանի էին: Շատ հարցեր կարող եմ տալ, որ պատասխան կունենան հետո: Միայն ասեմ, որ ես` Արարատս, քեզ ներել եմ, բայց արդյոք կներեն մնացած բոլորը: Ինչքան մուկ ու կռիս կա` պետությունը տվել ես նրանց, որոնք անընդմեջ կրծում են ժողովրդին: Իմացա՛ծ եղիր, շուտով քարերը հավաքելու ժամն է գալու, ու քո մկներն ու կռիսները կոկորդդ են կրծելու: Երեւի մտածում էին` ես էլ Տեր-Պետրոսյանի նման կբողոքարկեմ Եվրադատարան: Սակայն իմացի՛ր՝ Հայաստանն իմ երկիրն է, Հայաստանը աստվածապաշտների երկիրն է, իսկ կռապաշտները պիտի անցնեն վերջին պլան: Եւ իմացի՛ր՝ իմ գլխի տերն իմ Աստվածն է: Մտածի՛ր, իսկ քո՞նն ով է: Գուցե պատրաստ ես սատանայի հետ քայլել, մենակ նախագահ մնաս, կտեսնենք: Առաջ Աստված:
Ես անկեղծ խղճում եմ քեզ: Ասում են՝ Աստված որ ուզում է մեկին պատժի, խելքը տանում է: Եկել է ժամանակը, որպեսզի ժողովուրդն իմանա ողջ ճշմարտությունը:
Հասկացի՛ր, պարո՛ն, որ ամեն ինչ ավարտվել է, դռները փակվել են: Ինքդ այլեւս ոչ ոքի պետք չես: Այդքան զգուշացնելուց հետո ո՛չ քաղաքականություն հասկացար, ո՛չ էլ մարդկայնություն: Այլեւս իմաստ չունի ճահճի խորքից հոխորտալ: Այսպես շարունակելու դեպքում անձնագիրս հետդ տա՛ր կալանավայր, որ կարողանամ տեսակցության գալ ու բացատրել, թե ինչու այդպես եղավ»:

ԱՐԱՐԱՏ ԱՍՐՅԱՆ
«Ազատամարտի եղբայրություն» հ/կ-ի ղեկավար




Լրահոս