«ԿՈՒԶԵՆԱՅԻ ՏԵՍՆԵԼ ՄՏՈՐՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այն կարծիքին է, որ օտար մարդիկ հայ երաժշտությունը շատ ավելի մեծ ուշադրությամբ են լսում: Նրա խոսքով` վարդը ձեռքին մարդը վարդի արժեքն արդեն չգիտի. մարդն իր ունեցածի արժեքը չգիտի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշել է, որ ինքն էլ չգիտի` իր երգն ինչ է, մինչեւ այն չդիպչի ուրիշի սրտին: Մաեստրոն արվեստին առնչվող խնդիրներից զատ` անդրադարձել է նաեւ քաղաքական հարցերի, խոսել է հայոց խորհրդարանից` նշելով, որ ինքն այսօր, ցավոք, չգիտի, թե ինչ է նշանակում անհատը խորհրդարանում:

-Պարո՛ն Ամիրխանյան, որքանով տեղյակ ենք՝ «Պոետի կյանքը» անունը կրող Ձեր ստեղծագործությունը, որի հիմքում բանաստեղծ Միսաք Մանուշյանի հերոսապատում պատմությունն է, եւ որը նվիրված է Ցեղասպանության տարելիցին, մտադիր եք ուղարկել Թուրքիայի նախագահին, կպատմե՞ք այդ նախաձեռնության մասին:
-Կուղարկեմ այն Թուրքիայի նախագահին, թե ոչ, երկրորդական հարց է, քանի որ ես նրանից ոչինչ չեմ ակնկալում: Բայց որպես մարդ եմ ուզում նրան դիմել. եթե քո հոգում ինչ-որ մի բան շարժվի, կնշանակի` կարելի է հուսալ, որ դու դեռ մարդ ես: Ի դեպ, երբ տեղի ունեցավ ստեղծագործության պրեմիերան, դահլիճում ներկա անծանոթ մի կին զանգահարեց ինձ եւ ասաց, որ ինքը համաձայն չէ, որ ես այն ուղարկեմ Թուրքիայի նախագահին, քանի որ մարգարիտները չի կարելի խոզերի առջեւ սփռել: Ես շնորհակալ եմ նրան այս դիրքորոշման համար:
-Զարմանալի է, բայց երկար տարիներ ստեղծագործելով` ձայնասկավառակ չունեիք, եւ Ձեր առաջին հեղինակային CD-ի ձայնագրման եւ թողարկման աշխատանքները կատարվել են արտասահմանում` գերմանացի ընկերների աջակցությամբ: Ի՞նչ է` Հայաստանում չգտնվե՞ց մեկը, ով կստանձներ այդ գործը:
-Ինքս երկար ժամանակ Կոմպոզիտորների միությունում զբաղված եմ եղել ուրիշների ճակատագրով: Իմ խնդիրն է եղել ձայնագրել կոլեգաներիս երաժշտությունը, իսկ իմ սեփական խնդիրները դրել էի մի կողմ: Ես պետք է ասեմ, որ օտար մարդիկ հայ երաժշտությունը շատ ավելի մեծ ուշադրությամբ են լսում: Գիտեք` վարդը ձեռքին մարդը վարդի արժեքը չգիտի արդեն: Մարդն իր ունեցածի արժեքը չգիտի: Ես չգիտեմ՝ իմ երգն ինչ է, մինչեւ այն չդիպչի ուրիշի սրտին:
-Դուք այն արվեստագետներից եք, ով առնչվել է քաղաքականությանը, 1999-2003 թթ. եղել եք ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ի՞նչ եք կարծում` այն եզակի արվեստագետները, որոնք ընդգրկվում են հայոց խորհրդարանում, կարողանո՞ւմ են մշակույթի ոլորտում ինչ-որ բան դեպի լավը փոխել:
-Մեր խորհրդարանում կա որոշակի խորհրդարանական ոճ (ես հիմա չգիտեմ, թե ուր է այն հասել), որը մի տեսակ մտորելու տեղիք է տալիս, թե անհատի եւ հավաքական օրգանիզմի դերն ինչպես են իրար հետ առնչվում: Չմոռանանք, որ շատ դեպքերում խորհրդարանն ընդամենը ամբիցիայով մարդու տեղ է, որ մարդ ձգտում է այնտեղ իր կյանքի շատ հարցեր ավելի հեշտությամբ լուծել, չմոռանանք, որ այդպիսի պալար կա մեր կյանքում: Ես շատ կուզենայի տեսնել շատ ավելի մտորող խորհրդարան, իրականության հանդեպ ճիշտ ռեակցիաներ ունեցող խորհրդարան, եւ կուզենայի, որ մեր օրենքները քայլեին ոչ թե մեզնից հետո, այլ լինեին մեր կյանքից առաջ, որպեսզի կարգավորեին մեր հարաբերությունները: Այսօր ես, ցավոք, չգիտեմ, թե ինչ է նշանակում անհատը խորհրդարանում: Հուսով եմ, որ կան վերափոխման միտումներ, եւ դոմինանտ անձի կողքին կձեւավորվի մի նոր ինստիտուտ` պառլամենտական ղեկավարության ինստիտուտը: Միգուցե սա կօգնի սուբյեկտիվ հարցերը դնել ընդհանուր քննարկման:
-Պարո՛ն Ամիրխանյան, Դուք առիթ ունեք երկար ժամանակ անցկացնել երիտասարդների հետ, նրանց հետ ապագայի ի՞նչ հույսեր եք կապում: Հաջողվո՞ւմ է կոնսերվատորիայի Ձեր սաների ուշադրությունը շեղել դեպի անսովորը:
-Այո՛: Շատ եմ սիրում մեր դասերը, երբեմն տեսնում եմ` ուսանողը մտորման մեջ է, եւ դա ինձ ուրախացնում է: Չեմ թաքցնի, որ մեր կյանքի դեկորացիաները բերել են նրան, որ ուսանողներն այսօր դասի գալիս են որպես սրճարան` ժամանցի համար: Այո՛, մեր կյանքը չափից դուրս դեկորատիվացվել է: Եվ կարեւոր է, երբ դու ուսանողներին վարակում ես իդեայով, ցույց ես տալիս այն աշխարհը, որտեղ կփնտրեն ոչ սովորական բաներ, կվերանան նյութականից: Հրաշալի երիտասարդություն ունենք` լիքը, խորունկ մտորող, ապրող: Նրանց անկախ տեսակն արդեն որակական հատկանիշ է բերում, նրանց քայլքն արդեն ուրիշ է փողոցում: Ես հավատում եմ նրանց…

 

 

 

 

 
ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ «ՄԵԾ ԾԱԽՍԵՐ» ՉԵՆ ԱՆՈՒՄ

Այս տարի նշում ենք մնջախաղի հայ վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանը, Երեւանի պետական մնջախաղի թատրոնը տարին հայտարարել է Ենգիբարյանական: Տոնական տրամադրությունը, սակայն, լիարժեք կլիներ, եթե թեկուզ հոբելյանական առիթն օգտագործելով` ՀՀ մշակույթի նախարարությունը կառուցողական քայլեր աներ` թատրոնին շենքով ապահովելու ուղղությամբ:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է խնդրի մասին: Նրա խոսքով` այդ ուղղությամբ արված ոչ մի առաջարկ ավարտական տեսքի չի բերվում: Պետք է նշել նաեւ, որ Մնջախաղի թատրոնի համար նախատեսված շենքին հարկավոր կլինի բազա, որպեսզի կատարվեն ուսումնասիրություններ հայկական ազգային մնջախաղի ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` կառույցն առաջիկայում ծրագրո՞ւմ է թատրոնին շենքով ապահովելու ուղղությամբ որեւէ հստակ առաջարկով հանդես գալ, արդյո՞ք այս խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է, եւ մինչեւ այսօր ի՞նչ է արվել` դրան լուծում տալու համար: Մեզ պատասխանեցին, որ նախարարությունը համագործակցում է պետական տարածքները տնօրինող լիազոր մարմնի` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, սակայն «Վերջինիս տրամադրության տակ ներկա պահին թատերական գործունեություն իրականացնելու նպատակով տարածքներ չկան, իսկ նոր շենք կառուցելը պահանջում է մեծ ծախսեր»:
Նախարարությունից չմոռացան հիշեցնել, որ Մնջախաղի պետական թատրոնը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո եւ յուրաքանչյուր տարի սուբսիդավորվում է պետական բյուջեով: «ՀՀ մշակույթի նախարարությունը լրացուցիչ աջակցում է նաեւ թատրոնի կողմից ներկայացվող ստեղծագործական ծրագրերին եւ նախաձեռնություններին»,-հայտնեցին կառույցից:
Հիշեցնենք, որ Մնջախաղի պետական թատրոնն իր ստեղծագործական գործունեությունը ծավալում է Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

12 ԵՐԳ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի նոր` «Encores» ձայնասկավառակը ներառում է 12 երգ: Աշխարհահռչակ շանսոնյեի պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոր ձայնասկավառակում ամփոփվում է Ազնավուրի հավերժական երիտասարդությունը, ուժեղ բնավորությունը` խառնված ուրախությամբ, պարզությամբ եւ անմեղությամբ: Ազնավուրը նոր ձայնասկավառակը երկրպագուների դատին կհանձնի այս տարվա մայիսի 4-ին:
Ի դեպ, երգչի երկրպագուները նախորդ տարվանից հնարավորություն ունեն ձեռք բերելու լեգենդի ստեղծագործություններն ամփոփող եւ 60 CD ներառող անթոլոգիան, որը լույս է տեսել սահմանափակ քանակությամբ:

 

ԱՍՏՎԱԾԸ ՓՈՂՆ Է
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրերս կայացել է «Ձեր Աստվածը փողն է…» կատակերգության պրեմիերան: Գաբրիել Սունդուկյանի` հայրեր-որդիներ, փող-սեր հարցերը բարձրացնող պիեսն անդրադառնում է մարդկային հարաբերություններին: Գլխավոր հերոսը դեմ է իր հոր շահամոլությանը:
Bravo.am-ի փոխանցմամբ` երկու գործողությամբ ներկայացման դերակատարներն են Արմեն Մարգարյանը, Մարիամ Ղազանչյանը, Զավեն Աբրահամյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Արա Դեղտրիկյանը, Զարուհի Խաչատրյանը, Վարուժան Մանուկյանը, Հասմիկ Վերդյանը եւ այլք: Ռեժիսորը Գոհար Փոքրիկյանն է, բեմադրիչը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

 

ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿԻ
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը հրաժարվել է նկարահանել ֆիլմի շարունակությունը: Նա տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ հաջողություն է մաղթում նրան, ով կստանձնի ֆիլմի 2-րդ եւ 3-րդ մասերը նկարահանելու գործը: Ու թեեւ նկարահանման շրջանակում վեճ է ծագել գրքի հեղինակ Է.Լ.Ջեյմսի եւ Թեյլոր Ջոնսոնի միջեւ, Universal Studio-ի կողմից թողարկված արտադրանքը հասցրել է ապահովել 558 միլիոն դոլարի շահույթ: Universal Studio-ից հույս են հայտնել «Մոխրագույնի 50 երանգների» շարունակությունն էկրան բարձրացնել 2017-ին, կրկին Դակոտա Ջոնսոնի եւ Ջեյմի Դորնանի մասնակցությամբ:




Լրահոս