Եղեռնն արժանի անուններին մոռացության չի մատնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության ժամանակ զոհ գնացած հայ գրողների մասին հանրությունը սահմանափակ տեղեկություններ ունի, նրանցից շատերի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ մանրամասները պարզապես մոռացության են մատնվել: Այժմ տպագրության փուլում է մի գիրք, որն ամփոփում է Եղեռնին զոհ գնացած գրեթե բոլոր հայ գրողների մասին տեղեկություններ` սկսած նրանց ծննդյան օրվանից, ուսումնառությունից, գործունեությունից` ընդհուպ մինչեւ մահվան հանգամանքներ, սերնդի շարունակության վերաբերյալ տվյալներ:

Այդ գրողները 31-ն են (տպագրության ընթացքում բացահայտվել են էլի մի քանի գրողներ, որոնց անդրադարձ կկատարվի հետագայում), այնինչ մեզ ամենատարբեր պատճառներով մինչեւ այսօր ներկայացվել է Եղեռնին զոհ գնացած առավելագույնը մեկ տասնյակի հասնող գրողների մասին ինֆորմացիա: «Մեր նպատակն է եղել ստեղծել հանրագիտակ-անթոլոգիա, որի կազմում իր կարեւոր տեղն ունի նաեւ մատենագիտական մասը, այսինքն` թե ինչ գրքեր են հրատարակվել այդ գրողների կենդանության օրոք եւ մահվանից հետո, ու թե ինչ գրքեր կարելի է կարդալ նրանց մասին:

Եվ եթե կենդանության օրոք լույս տեսած գրքերի պարագայում ամեն ինչ նորմալ էր, ապա վիճակն անմխիթար էր հետմահու հրատարակությունների դեպքում: Մենք տեսանք, որ, ըստ էության, Զոհրապից, Վարուժանից, Սիամանթոյից, Ռուբեն Սեւակից ու էլի մի քանիսից զատ` գրողները հետմահու հրատարակություններ գրեթե չեն ունեցել: Հարաբերական բացառություններ, իհարկե, կան»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց «Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ-անթոլոգիայի կազմողներից մեկը` գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը (մյուս կազմողը Աշոտ Գաբրիելյանն է):
Գրականագետի խոսքով` իրենք քիչ հայտնի գրողների դեպքում պարզապես «քրքրել են» տվյալ շրջանի արեւմտահայ մամուլը եւ փորձել են նոր գործեր հայտնաբերել: Գրքում ներառվել են նաեւ բացառիկ լուսանկարներ, որոնք որոշ գրողների դեպքում, ցավոք, այդպես էլ չեն գտնվել:

Արքմենիկ Նիկողոսյանը նաեւ հավելեց, որ իրենք չեն պնդում, թե Եղեռնին զոհ գնացած բացառապես բոլոր գրողներն են տաղանդավոր, սակայն ամենքի անունն էլ արժանի է շրջանառվելու եւ հիշվելու: Կազմողները նպատակ ունեն հետագայում լրացնել անթոլոգիան, այն դարձնել մի քանի հատորանոց եւ ծառայեցնել որպես ուղեցույց:

Աննա Բաբաջանյան




Լրահոս