Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն անդրադարձավ կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով` մարդիկ ինտրիգներ են փնտրում այնտեղ, որտեղ դրանք չկան:
«Որոշ շրջանակներ տոգորված են ԲՀԿ-ում ինտրիգներ փնտրելով: Վստահեցնոմ եմ, որ ԲՀԿ-ն կարողացավ հաղթահարել այն փուլը, որը տեղի ունեցավ փետրվարյան իրադարձություններից հետո: Քաղաքական առումով` մենք ունենք այն տեսլականը, որով առաջ ենք շարժվելու», – նշեց նա:
Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության շուրջ ստեղծված իրավիճակին` նա նշեց, որ այստեղ ևս ինտրիգներ փնտրել պետք չէ: Նա նշեց, որ իրենք որևէ խնդիր չունեն խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հետ և պահպանում են գործընկերային հարաբերությունները:
«Մոտակա ժամանակներում կուսակցությունն այցելելու է մարզեր, որտեղ հանդիպելու ենք մեր կուսակիցներին: Մեր օրակարգում մնում է ՀՀ քաղաքացիների` կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման հարցը, և մենք հետամուտ ենք լինելու: ԲՀԿ-ն եղել և մնալու է մեծ դերակատարում ունեցող կուսակցություններից մեկը», – եզրափակեց նա: