ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով գտնվում է Ավստրիայի Հանրապետությունում, հանդիպում է ունեցել Ավստրիայի կրթության և կանանց հարցերի դաշնային նախարար տիկին Հայնիշ Հոզեկի հետ:
Ողջունելով հյուրերին տիկին նախարարը նշել է, որ նախորդ համաձայնագրի շրջանակում մեծ աշխատանք է կատարվել, մասնավորապես ուսուցիչների վերապատրաստման և միջին մասնագիտական կրթության ոլորտներում։ Տիկին նախարարը հույս է հայտնել, որ նոր հուշագիրը կապահովի գործընթացների շարունակականությունը։ Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերոջը հետևողականության համար, ընդգծել է, որ հայ ավստրիական կրթական համագործակցության մեծ ներուժ է առկա, և այս հուշագիրը ևս մեկ խթան կդառնա նոր նշաձող դնելու երկկողմ հարաբերությունենրի զարգացմանը։ Հանդիպման ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը և տիկին Հայնիշ Հոզեկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Համաձայն հուշագրի՝ կողմերը խրախուսում են կրթության ոլորտում փորձի փոխանակումը` միմյանց տրամադրելով տեղեկություններ կրթական համակարգերի, ուսումնական ծրագրերի և դիդակտիկ նյութերի կառուցվածքի և կազմակերպման վերաբերյալ: Կխրախուսվեն անմիջական կապերի և համագործակցության հաստատումն Ավստրիայի մանկավարժական կրթությամբ համալսարանական քոլեջների և Հայաստանի ուսուցիչների վերապատրաստման կազմակերպությունների միջև: Ավստրիական կողմը հնարավորություն կընձեռնի բոլոր մակարդակների գերմաներեն դասավանդող հայ ուսուցիչներին՝ մասնակցելու Ավստրիայում կազմակերպվող` “Գերմաներենը` որպես օտար լեզու” երկշաբաթյա ուսումնական սեմինարներին` ավստրիական ուսումնասիրություններին, ինչպես նաև գերմաներենի ուսուցման մեթոդաբանությանն առնչվող հատուկ առարկաների վերաբերյալ:
Հայաստանյան այն հաստատությունները, որոնց հետաքրքրում է գերմաներեն լեզվի ավստրիական դիպլոմը կարող են դիմել` OSD քննական կենտրոն՝ հավաստագիր ստանալու նպատակով: Կողմերը ողջունում են փորձի ինտենսիվ փոխանակումը մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում, ներառյալ զբոսաշրջության բնագավառը: Այս համագործակցությունը կիրականացվի նաև ԵՄ “Եվրոպական հարևանության քաղաքականություն” (ԵՀՔ) շրջանակում: Կխրախուսեն շփումների զարգացումը Հայաստանի և Ավստրիայի դպրոցների միջև` դպրոցական համագործակցության ծրագրերի և բազմակողմ դպրոցական ցանցերի միջոցով: