ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ԱԺ ԲՀԿ խմբակցությունում որևէ խնդիր չունի, իսկ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր աշխատանքային ընկերն է, կոլեգան ու ղեկավարը: Երեկ Աբրահամ Մանուկյանն արդեն խորհրդարան էր եկել եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ շրջում էր ԱԺ միջանցքում:
Նշենք, որ Ա. Մանուկյանը դեմ էր, որ կուսակցությունը ղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, ու վերջինիս` ԲՀԿ նախագահ ընտրվելուց հետո խորհրդարան չէր եկել: Երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ընդդիմադիր պատգամավորին:
-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ խնդիրներ ունեք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների ու հատկապես Նաիրա Զոհրաբյանի հետ: Նշվում է, որ վերջին ժամանակահատվածում լուրջ տարաձայնություններ ունեք խմբակցության ներկայացուցիչների հետ, ինչը չեք էլ ձգտում թաքցնել: Ի՞նչ խնդրի մասին է խոսքը:
-Ես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ մեր աշխատանքային ընկերն է, մեր կոլեգան է, մեր կուսակցության ղեկավարն է, այնպես որ որեւէ խնդիր չի կարող լինել մեր միջեւ: Դրանք ուղղակի տեղեկություններ են, որոնք չեմ հասկանում, թե ինչի համար են տարածում, ինձ համար իսկապես անհասկանալի է: Ես երբեւէ տիկին Զոհրաբյանի հետ որեւիցե խնդիր չեմ ունեցել: Ես աշխատելու եմ, ու կուսակցության կողմից ինչ հանձնարարություն էլ լինի, կատարելու եմ: Պարոն Ծառուկյանն առաջադրել է տիկին Զոհրաբյանի թեկնածությունը, իսկ համագումարի ժամանակ էլ նա ընտրվել է կուսակցության ղեկավար:
-Իսկ Դուք շարունակելո՞ւ եք Ձեր աշխատանքը ԲՀԿ-ում, թե՞ Դուք եւս պատրաստվում եք լքել կուսակցության շարքերը:
-Ո՛չ, ես իմ աշխատանքները շարունակելու եմ կուսակցության հետ, ինձանից նման հայտարարություն լսե՞լ եք, որ ես հրաժարվում եմ կուսակցությունից ու պատրաստվում եմ առանձին աշխատել:
-Բայց հարթե՞լ եք կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ Ձեր փոխհարաբերությունները, արդյո՞ք նա ցանկանում է Ձեզ հետ աշխատել:
-Ես արդեն Ձեզ ասացի այն, ինչ կա, ընդհանուր որոշում կա կայացրած, իսկ մենք բոլորս հարգում ենք այդ որոշումը, ու տիկին Զոհրաբյանը մեր աշխատանքային ընկերն է, մեր կուսակցության ղեկավարն է, եթե ինքը չուզենար մեխանիկորեն չէինք աշխատի:
-ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այսուհետ ԲՀԿ-ն ընդդիմություն է: Դուք ե՞ւս ընդդիմադիր եք:
-Խմբակցությունը մեկ անձով չի, խմբակցությունն իր մեջ ներառում է բազմանդամություն, բազմակարծություն, ու ոնց կորոշվի, ես կողմնակից եմ այդ որոշմանը: Ես արդեն նշեցի, որ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ ու չեմ կարծում, որ հասկանալի չէ, թե ես ինչ եմ ասելու, ինչ եմ անելու:
-Տեսակետ կա, որ Դուք նպատակ ունեք «քանդելու» ԲՀԿ-ն, ինչի համար էլ շարունակելու եք մնալ կուսակցությունում եւ խմբակցությունում: Իսկապես, Դուք նպատակ ունե՞ք Ձեր շուրջը հավաքել ԲՀԿ-ականների մի հատվածին ու առանձին «թիմ» կազմել կուսակցության ներսում:
-Դե լավ էլի, էդ հերյուրանքները վերջացրեք, ես թիմային աշխատանք սիրող անձնավորություն եմ ու չեմ հասկանում, թե ինչու եք նման բան ասում: Քանդելը ո՞րն է, ինչը քանդեմ կամ ինչի համար, ախր, դրանք հերյուրանքներ են, որոնք լրատվամիջոցներն են տարածում իմ անձի հետ կապված: Դուք կուսակցությունից հարցրեք, տեսեք՝ իրենք ինչ են ասում, ինչ խնդիր կա իմ հետ, առանց որեւէ բան պարզելու՝ անիմաստ հայտարարություններ են անում: Ինձ առանց ճանաչելու իմ մասին տեղեկություն են ասում, խոսում են մի բանի մասին, որից երեւի իրենք էլ տեղյակ չեն: Չկա նման բան:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ի ֆինանսական հարցերով զբաղվելու եք Դուք, ինչին կարծես թե դեմ է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ի վերջո, ո՞վ է լինելու ԲՀԿ-ի ֆինանսական հարցերով պատասխանատուն:
-Նման բան չկա, մեր ֆրակցիայում բոլորն էլ ֆինանսական խնդիրներ չունեցող մարդիկ են, իրենք էլ ներդրումներ կանեն, ու մեր աշխատանքները նորմալ կշարունակվեն, ինչպես նաեւ անդամավճարների հետ կապված հարցերը կլուծվեն, էդ հստակեցումները կկազմակերպվեն: Հովիկ Աբրահամյանի հետ կապված որեւէ բան էլ չի եղել ընդհանրապես, թե որտեղից են հորինում, զարմանում եմ: Եթե նման բան լիներ, առաջինը ես կիմանայի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ