“Արմենիա փրոդաքշն”-ի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի փոխանցմամբ դեկտեմբերի 17-ին Երեւան է գալու ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը: Այցելության առիթը “Մոսկվա” կինոթատրոնում դեկտեմբերի 18-ին կայանալիք “Շնորհավոր Նոր տարին, մայրիկնե՛ր” (С новым годом, Мамы!) ֆիլմի պրեմիերան է, որը “Մայրեր” (Мамы) ֆիլմի շարունակությունն է: Ի դեպ, ֆիլմի պրեմիերային ներկա կլինեն նաեւ այլ հայտնի դերասաններ, որոնք նկարահանվել են այդ ֆիլմում՝ Պավել Վոլյա, Իրինա Ռոզանովա, Գարիկ Խառլամով, Ելիզավետա Բոյարսկայա, Կոնստանտին Կրյուկով եւ այլք:
Ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է՝ բաղկացած 5 տարբեր նովելներից, որոնք ներկայացնում են 5 տարբեր ռեժիսորներ: Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, իսկ Ալեն Դելոնի մասնակցությամբ հատվածը` Ֆրանսիայում: Ֆիլմի գլխավոր թեման մայրերի հանդեպ սերն է, հերոսուհին փորձում է իրականացնել իր մոր երազանքը, որն ամբողջ կյանքում երազել է տեսնել Ալեն Դելոնին: Հերոսուհին կազմակերպում է այցելություն Փարիզ, եւ այդտեղ էլ նրա մայրը պատահական հանդիպում է Ալեն Դելոնին: Սակայն, ինչպես ասում են, պատահականությունները պատահական չեն լինում: Ֆիլմի բյուջեն կազմել է 6 միլիոն դոլար, տեւողությունը 90 րոպե է:
Հայ հանդիսատեսը “Շնորհավոր Նոր տարին, մայրիկնե՛ր” ֆիլմը դիտելու հնարավորություն կունենա դեկտեմբերի 27-ից “Մոսկվա” կինոթատրոնի էկրանին: