«ԳՈՌՈՑ, ԿԱՂԿԱՆՁ, ՈՒ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանն աշխատում է նոր ստեղծագործությունների վրա, որոնց վերաբերյալ փակագծերը փոքր-ինչ բացել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: Նա անդրադարձել է այսօր գրվող պիեսներին` նշելով, որ ցանկալի կլիներ` դրամատուրգներն ավելի շատ անդրադառնային այսօրվա խնդիրներին, փորձեին վեր հանել մեր հասարակությանն իսկապես հուզող հարցերը: «Բարդերի ակումբ»-ի անդամը խոսել է նաեւ այսօր գրվող երգերի մասին` եթերում հնչող «աղբի» համար մեղադրելով անորակ արտադրանքը սպառողներին:

-Պարո՛ն Մանարյան, հիմա ի՞նչ նոր ստեղծագործությունների վրա եք աշխատում: «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որի սցենարիստը Դուք եք, միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Մտավախություն չունե՞ք, որ այս միտումը ընդհանուր կլինի նաեւ հաջորդ ֆիլմերի համար:
-Հիմա մի վեպ եմ գրում, հերոսը հեղինակային երգիչ-կատարողն է, որը հայտնվել է Ամերիկայում: Այս ստեղծագործության մեջ դժվար է զատել իրականությունը հորինվածքից, երբեմն ինքս սկսում եմ դրանք շփոթել: Նաեւ երկու նոր ֆիլմերի սցենարների վրա եմ աշխատում, բացարձակ ոչ մի մտավախություն չունեմ, քանի որ չեմ առաջնորդվում շրջապատի կարծիքով: «Գարեգին Նժդեհ»-ը գեղարվեստական ֆիլմի մեր տեսլականն էր, մեկ ուրիշը կարող է նկարել իր «Նժդեհ»-ը: Գեղարվեստական ֆիլմն, ի վերջո, պատմության դասագիրք չէ:
-Այսօր գրվող պիեսներն իրենց բովանդակությամբ, ասելիքով Ձեզ գոհացնո՞ւմ են:
-Ցանկալի կլիներ, որ մեր դրամատուրգներն ավելի շատ անդրադառնային այսօրվա խնդիրներին, փորձեին վեր հանել մեր հասարակությանն իսկապես հուզող հարցերը: Հայ դրամատուրգների համապարփակ վերլուծություններն առայժմ շատ չեն, թեեւ, իհարկե, կան: Հասկանում եմ, որ կատակի միջոցով կարելի է շատ բան ասել, բայց դրա կողքին ցանկալի կլինի տեսնել նաեւ ասելիք ունեցող լուրջը, բարձրացվող խնդիրը (սոցիալականից մինչեւ համազգային) լուծելու` դրամատուրգի պատկերացրած ուղիները:
-Իսկ Դուք ինչո՞ւ վերջին շրջանում պիեսներ չեք գրում:
-Նախ` չեմ հասցնում, երկրորդ` դա ֆինանսական խնդիրների հետ է կապված: Եղել են մի քանի առաջարկներ, ես պատրաստվում էի լավ ծրագրեր իրագործել, բայց, որպես կանոն, դրանց համար փող չկա, միշտ չէ, որ համաձայնվում են մեծ նախագծեր հովանավորել:
-500-ից ավել երգերի հեղինակ եք, հետեւո՞ւմ եք այսօր ստեղծվող երգերի որակին: Էժան ու պրիմիտիվ արտադրանքի դեմ, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է պայքարել:
-Բոլորս գիտենք թուրքաարաբական երաժշտություն կոչվող չարիքի մասին, որ եկել-լցվել է հեռուստատեսություն, հեռուստացույցը միացնում ես` գոռոց, կաղկանձ, ու վերջը չի երեւում: Թեպետ պետք է ասեմ, որ գոնե հեռուստատեսային դաշտը կամաց-կամաց մաքրվում է աղբից, ամեն հեռուստաընկերություն չէ, որ իրեն թույլ է տալիս եթերը լցնել այս անորակ երաժշտությամբ, եւ դա արդեն իսկ ուրախալի է: Ես մեղադրում եմ այդ արտադրանքը սպառողներին: Եթե մարդիկ բողոքեն, ասեն, որ չեն ուզում նման երգեր լսել, հեռուստաընկերություններն էլ չեն հաղորդի: Իսկ վատ երեւույթի դեմ պետք է պայքարել միայն լավ գործով. ուրիշ ճանապարհ չկա: Ինքս, օրինակ, շատ եմ ուզում, որ երեւանյան բլյուզը կայանա, այն, կարծես, վաղուց արդեն մեր օդի մեջ լինի, եւ ես աշխատում եմ այն կայացնելու ուղղությամբ:
-Հեղինակել եք մի շարք մանկական հեռուստածրագրեր, ի՞նչ եք կարծում՝ այսօր դրանց թիվն ինչո՞ւ է նվազել:
-Այն մարդիկ, որոնք հեռուստաընկերություններից տարեկան հաշվետվություններ են ընդունում, պետք է պահանջեն թիվիներից, որ վերջիններս անդրադառնան մանկական թեմաներին: Առհասարակ, մանկական ծրագրեր որքան էլ անեն, քիչ է: Մենք մեր երեխաներին քիչ ուշադրություն ենք դարձնում:
-Ամեն ստեղծագործող անհատ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ինչ-որ կերպ անդրադառնում է մեր ազգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ թեմային: Ձեր կողմից որեւէ անդրադարձ կլինի՞:
-Սա ինձ համար ցավալի հարց է: Ես դեռեւս երեք տարի առաջ 100-րդ տարելիցին ընդառաջ 10-ից ավելի երգ եմ գրել: Երեք տարվա ընթացքում լսեցի խոստումներ, վստահեցումներ, որ դրանք կարժանանան ուշադրության: Հետո ասացին` գիտեք, տարելիցին ընդառաջ այնքան շատ են առաջարկները, որ չգիտենք` որ արվեստագետին սատարենք, որին` ոչ: Անկեղծ ասած` դա ինձ չի մխիթարում: Կարելի էր այնպես անել, որ բոլորիս առաջարկները բավարարվեին: Ամեն դեպքում, իմ գրած երգերը չեն կորչի, այս տարի չլինի, ավելի ուշ կներկայացնեմ:

 

 

 

 

ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԱԴՐԵՆԱԼԻՆՆ ՈՒ ՇՈԿԸ

Օրերս կնոջ` Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած ռեփեր Քանյե Ուեսթի` ապրիլի 12-ի նախապես չհայտարարված, անվճար համերգը Կարապի լճի մոտ խելահեղ ավարտ ունեցավ: Երեւանում մթնոլորտը թեժացավ համերգի ընթացքում Քանյեի` Կարապի լիճ անսպասելի ցատկից հետո: Մեգաաստղի խենթությանն առանց հապաղելու հետեւեցին մեծ թվով երկրպագուներ եւ լուսանկարիչներ: Այս միջադեպից հետո հայտարարվեց համերգի ավարտը, սակայն կրքերը չէին hանդարտվում:

Երգիչ Գրիգոր Կյոկչյանը, ով ներկա է եղել համերգին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ երբ ինքն ու ընկերները լսել են կայանալիք համերգի մասին, իրենց թվացել է, թե դա չար կատակ է. «Երբ մենք հասանք Կարապի լիճ, մոտ 20-30 հոգի կար, ու առանց գովազդի ընդամենը 40 րոպեում մոտ 3000 հոգի հավաքվեց: Կարծում եմ` գիտակցաբար էին գիշերը կազմակերպել համերգը, որպեսզի հավաքվեր այն մասսան, որը ոչ թե ընկալում էր նրան որպես էկզոտիկ երեւույթ, այլ իրոք գնահատում էր Քանյեի դերը համաշխարհային երգարվեստում ու նորաձեւության ոլորտում: Զգացողություններն աննկարագրելի էին: Այն, ինչ արեց Ուեսթը Հայաստանի համար կես ժամվա ընթացքում (համաշխարհային մեդիան ողողեց լուրերով, «Ցեղասպանություն», «Հայաստան» հեշթեգերով), 100 անգամ ավելի արդյունավետ էր հայերի տարած փիար-քաղաքականությունից` կապված Ցեղասպանության թեմայի հետ»,-ասաց երգիչը:
Եվ թվում է՝ հենց միայն այն հանգամանքը, որ համաշխարհային մեծության գերաստղը Երեւանում հանդես էր գալիս անվճար մենահամերգով, պետք է համերգի կազմակերպիչներին պարտավորեցներ է՛լ ավելի պատասխանատու կերպով մոտենալ համերգին, անել հնարավորը, որ Քանյե Ուեսթը, ով, սովորաբար, կես ժամանոց համերգով ներկայանում է երեք միլիոն դոլար հոնորարի դիմաց, իրեն զգար կոմֆորտ միջավայրում, համերգն ընթանար առանց տեխնիկական խնդիրների: Սակայն պատկերը բոլորովին այլ էր: Ակնհայտ էր, որ ինքը` Ուեսթը, զգում էր անկազմակերպվածության հետեւանքները եւ նույնիսկ ասում էր. «Ինչ-որ բան այն չէ»: Երեւանի քաղաքապետարանից, իհարկե, արդարացան, թե համերգի անցկացման մասին հայտարարվել է ընդամենը մեկ ժամ առաջ, եւ ժամանակ չի եղել տեխնիկապես նախապատրաստվել ինչպես հարկն է, սակայն մի՞թե դժվար էր կանխատեսել, որ եթե Ուեսթի պես մեգաաստղը մոտ մեկ շաբաթ էր` Երեւանում էր, ուրեմն հնարավոր էր նաեւ, որ նա որոշեր ելույթ ունենալ՝ թեկուզ հենց երկրպագուների պահանջով: Մի՞թե սա անլուրջ վերաբերմունք չէր համաշխարհային ճանաչում վայելող աստղի նկատմամբ, որի համար, փաստացի, չկարողացանք ինչպես հարկն է մի փոքրիկ, բացօթյա համերգ էլ կազմակերպել, տեխնիկական խնդիրներն էլ դարձան անխուսափելի: Քանյեն, իհարկե, տաղանդի ու էներգիայի պակաս չունենալով, կարողացավ երեւանցիների օրը տոն դարձնել, սակայն դեռ հարց է` եթե չլինեին նրա երկրպագուները, մենք կկարողանայի՞նք նրա համար ապահովել նույն այդ տոնը…

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՆՎԻՐՎԵԼ Է 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչել է Գուստավ Մալերի թիվ 6-ը` «Ողբերգական» Սիմֆոնիան: Համերգը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մալերի «Ողբերգական»-ի ընտրությունը պատահական չէ: «Ողբերգական»-ն ունի թեմատիկա, եւ այս կատարումը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումն է:




Լրահոս