Քաղաքապետարանը խոստացել է այգի կառուցել, բայց տարածքը վաճառել է «Գազպրոմ Արմենիային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին Երեւանի Ծարավ Աղբյուր թաղամասի 55/6 շենքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել. նրանց պնդմամբ՝ Երեւանի քաղաքապետարանը խոստացել է նշված թաղամասի բնակիչների համար այգի կառուցել, սակայն խոստումը չի կատարել: Ավելին՝ այդ տարածքը վաճառել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու՝ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ավագանին հավանություն էր տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցել կրթական համալիր: Երեւանի ավագանին ապրիլի 14-ի արտահերթ նիստին որոշել էր Երեւանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում գտնվող հողամասը եւ շինություններն ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Իսկ դրան դեմ են նույն թաղամասի բնակիչները:

Ծարավ Աղբյուրի 55/6 շենքի բնակիչներից մի քանիսն այդ առթիվ բողոքի ակցիա էին կազմակերպել` իրենց պատուհաններին ու պատշգամբներին փակցնելով «Վաճառվում է» գրությամբ պաստառներ: Բանն այն է, որ նոր կառուցվելիք շենքերը խանգարելու են այսօրվա բնակիչներին, փակելու են արեւի լույսը:

Բացի այդ, կա եւս մի փաստ, որը բնակիչները շատ ավելի են կարեւորում, այն է` ժամանակին քաղաքապետարանը խոստացել էր բնակիչներին շենքին հարող այդ տարածքում կառուցել պուրակ ու մանկական խաղահրապարակ: Դեռեւս նախորդ տարվա մարտին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թաղամասի բնակիչներին խոստացել է պուրակը կառուցել մինչեւ 2015 թվականը, սակայն խոստումն այդպես էլ չի իրագործել: Հիմա էլ է խոստանում, բայց ոչ հիմա, այլ Գազպրոմի կողմից իրականացվող շինարարության ավարտից հետո:

Բնակիչները դժգոհում են նաեւ այն պատճառով, որ իրենք 2010 թվականի մայիսին դարձել են ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ կողմից Երեւանի Ծարավ Աղբյուր թաղամասում կառուցվելիք շենքի շահառուներ: Ըստ պայմանագրի՝ նախատեսված էր, որ բնակարանը հանձնվելու է 2012 թվականի նոյեմբերին, սակայն բնակիչներն այնտեղ փաստացի բնակվելու հնարավորություն ստացան միայն 1,5 տարի ուշացումով՝ 2014 թ սկզբին:

Ի դեպ, այս ուշացման համար նույն պայմանագրով ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ն պետք է 1-2 միլիոն դրամ յուրաքանչյուր բնակարանի դեպքում որպես տույժ փոխհատուցեր շահառուներին: Սակայն շահառուների պնդմամբ՝ ՀԿ-ն տույժերը փոխհատուցելու փոխարեն խոստացել է բակում խաղահրապարակ կառուցել: Իսկ հիմա ստացվում է, որ նույն ՀԿ-ն պետք է կրկին բնակելի շենքեր կառուցի, դպրոց եւ մարզական ակումբ՝ բակը վերածելով շինհրապարակի: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի հետ, սակայն այդպես էլ չհաջողվեց: Նրա հեռախոսն անջատված էր:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 55/6 շենքում բնակվում են նաեւ նախագահականի երկու աշխատակից՝ Սերժ Սարգսյանի օգնական Վարուժան Ներսեսյանը եւ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: Այդ նույն թաղամասի մեկ այլ շենքում` Ծարավ Աղբյուր 55/11 հասցեում է բնակվում նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Եւ խաղահրապարակ ու պուրակ կառուցելու խոստումները, ստացվում է, տրվել են նաեւ այդ պաշտոնյաներին եւ խաբել են նաեւ նրանց:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս