Ռոբերտ Քոչարյանի փեսան հաղթեց դատարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա նոյեմբերի 21-ին «Յուքոմ» ՍՊԸ-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայց է ներկայացրել ընդդեմ «Միստր Շեդո» ՍՊԸ-ի: «Յուքոմը» պահանջում է «Միստր Շեդո»-ից բռնագանձել 105 հազար 500 դրամ:

Ինչպես հայտնի է՝ այդ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, և ըստ պետռեգիստրի՝ նրա հիմնադիրը Արա Չատինյանն է: Իսկ Արա Չատինյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի եղբայրն է: Նշենք, որ որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռոբերտ Քոչարյանի խնամու ընտանիքին պատկանող ընկերությունը հայտնվում է դատարանում:

2014թ. նոյեմբերի 5-ին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ»-ն էր դատական հայց ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փեսայի ընկերության դեմ` պահանջելով վերջինից, հօգուտ հիմնադրամի, բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ:

Armlur.am-ը պարզեց, որ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ»-ի եւ երկրորդ նախագահի փեսայի ընկերության դեմ ներկայացված դատական նիստերը դեռ շարունակվում են: Իսկ ահա «Յուքոմի» հայցը ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի փեսայի ընկերության օրերս ունեցավ իր հանգուցալուծումը:

Եվ այսպես, Armlur.am-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ՍՊԸ-ն «Միստր Շեդո» ընկերությունում տեղադրել է ինտերնետ մատակարարող սարք, սակայն ինչ-ինչ հանգամանքներում սարքը վնասվել է և «Յուքոմ» ընկերությունը, դիմելով դատարան, «Միստր Շեդո» ընկերությունից պահանջել է կա՛մ սարքը վերանորոգված վիճակում վերադարձնել, կա՛մ էլ սարքին համարժեք գումարը փոխհատուցել: Բայց ավելի ուշ նրանք, հավանաբար, հաշտվեցին, եւ «Յուքոմ» ընկերությունը 2014թ. դեկտեմբերի 22-ին հրաժարվեց դատարան ներկայացրած իր հայցից:

Արդյունքում, 2015թ. ապրիլի 2-ին գործը նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանը որոշել է գործը կարճել:




Լրահոս