ՀԱՐՑ. Քույրս հիվանդ է եւ պետք է ռենտգենյան ճառագայթ ընդունի, որը ՀՀ-ում չկա: Ուռուցքաբանական ինստիտուտից տեղեկացա, որ այդ բուժծառայությունը մատուցվում է Մոսկվայում: Արդյո՞ք պետպատվերի շրջանակներում հնարավոր է դա իրականացնել: Առողջապահության նախարարությունը որեւէ կերպ կարո՞ղ է աջակցել հիվանդին: Նշեմ, որ քույրս բնակվում է սահմանամերձ գյուղում եւ երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ: Խնդրում եմ Ձեր խորհրդատվությամբ օգնել նրան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հենրիկ Զաքարյանի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է հետեւյալ տեղեկատվությունը.
Հայաստանի Հանրապետության հիվանդ քաղաքացիների բուժումը ՀՀ սահմաններից դուրս՝ ԱՊՀ երկրների շրջանակներում, կազմակերպվում է ՀՀ կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» թիվ 348-Ն որոշման եւ ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հունվարի 17-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված «Բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիների ՀՀ-ից դուրս բուժման ուղեգրման եւ ճանապարհածախսի փոխհատուցման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 30-Ա հրամանի համաձայն: Ըստ այդմ՝ հիվանդին եւ ուղեկցողին տրամադրվում են օդանավի (մեկնումի եւ վերադարձի) տոմսեր՝ առանց տվյալ երկրում բուժման ծախսերի փոխհատուցման:
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ առողջապահության նախարարության պատասխանից հասկանալի է, որ խմբագրություն դիմած հիվանդի հարազատները ստիպված են լինելու բուժման կուրսի ընդունման համար գումար հայթայթել, որովհետեւ պետությունը չի պատրաստվում ֆինանսավորել իր հիվանդ քաղաքացիների բուժումը: Իսկ օդանավերի տոմսերի տրամադրվող գումարը կազմում է բուժման համար անհրաժեշտ գումարի չնչին մասը: