Ինչու Արմեն Սարգսյանը չկանխեց արքայազն Չառլզի մասնակցությունը Գալիպոլիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ միջազգային մամուլի գրեթե բոլոր անդրադարձներում առանձնահատուկ հիշատակվում է Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը ղեկավարող Ուելսի արքայազն Չառլզի եւ նրա որդու`Հարիի ներկայությունը, որով այդ իրադարձությանը լրացուցիչ կշիռ է հաղորդվում:

Հայաստանում արքայական տան ավագ ներկայացուցչին հիշում են 2013թ. վերջինիս Երեւան կատարած այցելությունից: Նա Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ Հայաստան էր եկել անհատական, ճանաչողական այցով, որի իրական նպատակը, ըստ մամուլի չհերքված հրապարակումների, Հայաստանում ունեցած շատ կոնկրետ եվ լայնամասշտաբ հանքարդյունաբերական հետաքրքրություններն էին:

Դրանից առաջ էլ նույն Արմեն Սարգսյանը հայ իշխանական էլիտային էր տարել Չառլզի դուռը` կազմակերպելով վերջինիս ընդունելությունը Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին եւ իշխանական մի քանի այլ դեմքի:

Մինչդեռ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Չառլզին Հայաստան բերելու հարցում «ամենակարող» Արմեն Սարգսյանը, չգիտես ինչու, ոչինչ չարեց: Համենայն դեպս, Լոնդոնում մեր դիվանագիտական ներկայացուցչիության կողմից ձեռնարկված քայլերի մասին մինչ օրս որեւէ տեղեկատվություն հայտնի չէ: Հայկական կողմից Չառլզի այցելությունը կանխելու ուղղությամբ քայլերն արվեցին Իրաքի հոգեւոր առաջնորդ Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանի եւ պատմաբան Արա Պապյանի կողմից, որոնք բաց նամակներով դիմեցին Չառլզին:

Ինչ վերաբերում է ՀՀ դեսպանի կուլիսային ջանքերին, ապա իր հսկայական ազդեցությամբ եւ Չառլզի հետ անձնական մտերմիկ հարաբերություններով հայտնի Արմեն Սարգսյանը մեծ ցանկության դեպքում կարող էր հասնել եթե ոչ Չառլզի` Հայաստան այցելությանը, ապա գոնե նրա բացակայությանը Գալիպոլիից:

Դժվար է ասել` արդյոք Արմեն Սարգսյանը նույնքան անկարող կլիներ, եթե Ամուլսարի հանքավայրից զատ` ՀՀ իշխանությունները եւս մեկ-երկու հանք նվիրեին լոնդոնաբնակ միլիոնատերին եւ նրա արքայազն ընկերոջը:




Լրահոս