ԲՀԿ-ում չե՞ն կողմնորոշվում` ինչ առաջարկներ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում բացի ՀՅԴ-ից որևէ այլ կուսակցությունից առաջարկ չի եղել: Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը պարզաբանեց, թե ինչու իրենց կուսակցության կողմից հանձնաժողովին որևէ առաջարկ չի ներկայացվել:

Բաբայանի խոսքով` դեռևս ժամանակ կա առաջարկություններ ներկայացնելու համար: «Վերջնաժամկետը մայիսի 5-ն է, և մեզ մոտ քննարկումները շարունակվում են կիսանախագահական համակարգի պահպանման ուղղությամբ առաջարկների վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման ձևին անցնելու տարբերակի մասին, ապա մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը, որ դեմ ենք, և այդ ուղղությամբ որևէ առաջարկներ անելու խնդիր չունենք»,- մանրամասնեց Վահան Բաբայանը:

Դիտարկմանը, թե կարելի էր առաջարկներ ներկայացնել կիսանախագահական կառավարման ձևի հետ կապված, Վահան Բաբայանը նշեց` այդ առաջարկները դեռևս քննարկման փուլում են, և մինչև մայիսի 5-ը դեռևս ժամանակ կա: Մեր հստակեցնող հարցին` կհասցնե՞ն մոտ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկները, Բաբայանը կրկնեց. «Առաջարկները դեռ քննարկման փուլում են: Կլինեն առաջարկներ` դուք տեղյակ կլինեք, չեն լինի` այդ ժամանակ էլ կխոսենք, թե ինչու չեղան»:




Լրահոս